
Իրանը ողջունում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը․ Մեհդի Սոբհանի

Իրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ողջունում է Հայաստանի ջանքերն՝ ուղղված հարևանների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելուն։ Այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ Կապանում մեկնարկած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի բացմանը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում, ողջունում է նրա ջանքերն՝ ուղղված հարևանների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելուն և պատրաստ է օգնել Հայաստանի կառավարությանն այդ ուղղությամբ»,-ասաց դեսպանը՝ հավելելով, որ Իրանը ողջունում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, սակայն կարծում է, որ ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի տվյալ երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու վերահսկողության ներքո:
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները խաղաղության շուրջ և կարծում ենք, որ երկրների միջև լարվածությունն ու հակամարտությունը կարող են անցանկալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի ժողովուրդների համար»,-նշեց Սոբհանին:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի սահմանը բարեկամության սահման է:
«Մենք վճռական ենք օգտագործել երկու երկրների բոլոր հնարավորությունները՝ խթանելու առևտուրը և մեծացնելու քաղաքական տնտեսական ու մշակութային կապերն Իրան-Հայաստան հարաբերություններում, որոնց ապագան լուսավոր է, ու ոչ ոք չի կարող դա խաթարել»,-շեշտեց ՀՀ-ում Իրանի դեսպանը: