ԵՄ երկրների ղեկավարները Բուդապեշտում կքննարկեն ԱՄՆ ընտրությունների արդյունքները և իրադրությունը Վրաստանում
ԵՄ երկրների ղեկավարների աշխատանքային ընթրիքի ժամանակ նոյեմբերի 7-ի երեկոյան կքննարկվեն ԵՄ-ԱՄՆ հարաբերությունները՝ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների լույսի ներքո։ Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Ընթրիքով, փաստորեն, կբացվի Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը նշանակված է նոյեմբերի 8-ին:
Պատասխանելով Ուկրաինային հետագա օգնության հեռանկարների մասին հարցին՝ պաշտոնյան նշել է, որ խոսքն այն դադարեցնելու մասին չէ, այլ հիմա «նախագահական ընտրությունների հետ կապված «շունչը պահած» փուլ է, քանի որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս թեմայի շուրջ որոշիչ է եվրոպական առանձին պետությունների համար»։
Բացի այդ, նախատեսվում է ընթրիքի ժամանակ քննարկել Վրաստանում ստեղծված իրադրությունը։
«Հինգշաբթի (նոյեմբերի 7-ի) երեկոյան Վրաստանը կլինի օրակարգում: Այս թեմայի շուրջ մտքերի ոչ պաշտոնական փոխանակում տեղի կունենա պետությունների և կառավարությունների ղեկավարների միջև», – ասել է պաշտոնյան:
Դրա հետ մեկտեղ նա պարզաբանել է, որ Թբիլիսիի համար առայժմ ոչինչ չի փոխվել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության պայմաններում։ Միևնույն ժամանակ գագաթնաժողովի կազմակերպիչները Եվրոպայի առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման գլխավոր խնդիրը համարում են ԵՄ-ի մրցունակության քննարկումը։ Նիկոլ Փաշինյանը նույնպես ժամանել է Հունգարիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին։