Կառավարությունը Մեսրոպ Մեսրոպյանին առաջադրեց ՀԾԿՀ նախագահի թեկնածու
Հայաստանի կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Մեսրոպ Մեսրոպյանին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին կառավարության որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:Հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահված է կառավարությանը:
«Նախագծով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը»,-ասաց Հարությունյանը:
Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու և ցուցաբերած վստահության համար: Նա հավաստիացրեց, որ ԱԺ-ի կողմից հավանություն ստանալու և այդ պաշտոնում նշանակվելու դեպքում իր ողջ մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային փորձը ներդնելու է հանձնաժողովի բնականոն աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար:
Մեսրոպ Մեսրոպյանին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակելու հարցը կքննարկվի և կքվեարկվի խորհրդարանում։ Մեսրոպ Մեսրոպյանը 2020-2021 թվականներին զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը։
Գարեգին Բաղրամյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 18-ից նրա լիազորությունները դադարել էին: