Իսրայելի ավիահարվածներից Լիբանանում 40 մարդ է զոհվել, գրոհի է ենթարկվել նաև Բեյրութը
Լիբանանի արևելքում Բեքաայի հովտին և Բաալբեկ քաղաքին նոյեմբերի 6-ին Իսրայելի ավիահարվածների հետևանքով 40 մարդ է զոհվել։ Նույն օրն ուշ երեկոյան հարվածներ են հասցվել նաև Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ Բաալբեկում և Բեքաայի հովում նաև 53 մարդ է վիրավորվել։ Հարվածներ են հասցվել նաև Բեյրութին։
Մայրաքաղաքի հարավային արվարձանների մի քանի հատվածների բնակիչներին նոյեմբերի 6-ին Իսրայելի զինվորականները հրահանգել են տարհանվել։ Դրան հաջորդել է ռմբակոծությունների երկու ալիք, մեկը՝ նոյեմբերի 6-ի երեկոյան, մյուսը՝ նոյեմբերի 7-ի վաղ առավոտյան։
Զոհերի և վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդվել։ Իսկ հոկտեմբերի 5-ի երեկոյան Բեյրութից հարավ գտնվող Բարջա քաղաքի բնակելի շենքերից մեկին իսրայելական հարվածի հետևանքով 20 մարդ էր զոհվել։
Ընդհանուր առմամբ, 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև փոխադարձ գնդակոծությունների սկզբից ի վեր, ըստ Լիբանանի առողջապահական գերատեսչության, իսրայելական հարվածներից զոհվել է ավելի քան 3000 մարդ, որոնց մեծ մասը՝ վերջին վեց շաբաթվա ընթացքում։ Շուրջ 13 500 մարդ վիրավորվել է։
Իսրայելը սեպտեմբերի վերջից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, որին այնուհետև ավելացան նաև ցամաքային գործողությունները։ Իսրայելը հայտարարել է, որ այդ գործողությունների նպատակն է անվտանգ պայմաններ ստեղծել երկրի հյուսիսից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։