Հարիսն ընդունել է պարտությունը նախագահական ընտրություններում
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ընդունել է նախագահական ընտրություններում իր պարտությունը և Վաշինգտոնի Հովարդի համալսարանում իր աջակիցների առջև ելույթում խոստացել օգնել իշխանության փոխանցման գործում:
«Այս ընտրությունների ելքն այն չէ, ինչ մենք ցանկանում էինք, այն չէ, ինչի համար մենք պայքարում էինք, և այն չէ, ինչի համար մենք քվեարկել ենք», – նշել է Հարիսն՝ իր աջակիցներին կոչ անելով երբեք չհանձնվել ժողովրդավարության համար պայքարում։
Ըստ CNN-ի ներկայացրած վերջին տվյալների՝ ընտրությունների արդյունքում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 295 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, իսկ Քամալա Հարիսը՝ 226 ձայն։
Թեկնածուները ստացել են համապատասխանաբար քվեարկողների 50,8 %-ի (72,5 միլիոն) և 47,5 %-ի (67,8 միլիոն) աջակցությունը։ ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրություններն անուղղակի են։ Քվեարկելու իրավունք ունեցող ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են ոչ թե կոնկրետ թեկնածուներին, այլ Ընտրողների կոլեգիայի անդամներին՝ ընտրիչներին։
Ընտրիչներն այնուհետև իրենց ձայնը տալիս են տվյալ նահանգում առավելագույն ձայներ ստացած թեկնածուի օգտին։ Յուրաքանչյուր նահանգի կոլեգիայի անդամների թիվը համապատասխանում է Կոնգրեսում այդ նահանգի անդամների թվին։ Այն թեկնածուն, որը ստանում է ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 538-ից առնվազն 270-ը, ընտրվում է նախագահ։