Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Թրամփի նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն և կշարունակեն արձանագրել նորանոր ձեռքբերումներ:
«Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույն կերպով կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ համաշխարհային դերակատարության ամրապնդմանը:
Անցած տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների պատմական բարեկամության, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, գրանցել են աննախադեպ առաջընթաց: Անշուշտ, այդ գործընթացում դեր ունի նաև ամերիկահայ համայնքը։ Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում:Մեր բազմաշերտ օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև առկա զգալի ներուժի լիարժեք օգտագործումը: Այս կապակցությամբ ուրախ եմ արձանագրել այն համատեղ ջանքերը, որոնք ուղղված են խթանելու Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությունը: Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, և կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը»,-այս մասին նշված է Փաշինյանի՝ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ լիահույս է, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում: