
ԱՄՆ-ն կարող է նպաստել Ուկրաինայի հետ հակամարտության դադարեցմանը. Պեսկով

Կրեմլում հայտնել են, որ անհնար է դադարեցնել Ուկրաինայի հետ հակամարտությունը մեկ գիշերվա ընթացքում, սակայն ԱՄՆ-ն կարող է նպաստել, որ հակամարտությունն ավելի արագ ավարտվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է նպաստել Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը:
Դա, իհարկե, չի կարելի անել մեկ գիշերում», – նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որն, ըստ Fox News-ի կանխատեսման, արդեն ապահովել է ընտրություններում հաղթանակը՝ ստանալով ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, բազմիցս հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում մտադիր է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հասնել ընդամենը 24 ժամում։
Ընտրություններում իր հաղթանակը հայտարարելիս աջակիցների առջև ելույթում Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին նշել է, որ մտադիր է դադարեցնել պատերազմներն աշխարհում։