
Կառավարությունն ԱԶԲ-ից 89 մլն եվրո վարկ կվերցնի պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար

ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից կներգրավի 89 մլն եվրոյի վարկային միջոցներ` ֆինանսավորելու 2024 թ. պետական բյուջեի պակասուրդը։ Բանկի և ՀՀ-ի միջև վարկային համաձայնագրի ստորագրումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ 2024 թ․ պետական բյուջեի պակասուրդը կազմում է 482.9 մլրդ դրամ, որի համար նախատեսվել է շուրջ 450 մլն դոլարի (ավելի քան 407 մլն եվրո կամ 173 մլրդ դրամ։-խմբ.) բյուջետային աջակցության վարկերի ներգրավում:
«Այդ պատճառով ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է Ասիական զարգացման բանկի միջոցներից շուրջ 89.469 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկի ներգրավման գործընթաց»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Վարկային միջոցները կուղղվեն երեք հիմնական բաղադրիչների՝ Հարկաբյուջետային, պետական պարտքի և ֆինանսական ռիսկի կառավարման քաղաքականության բարելավում և ամրապնդում, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ներդրում,
Պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում, ֆինանսական գործիքների և ներդրողների բազայի ընդլայնում և կորպորատիվ կառավարման ու թափանցիկության բարձրացում։