Բաժիններ՝

Իսրայելի ավիահարվածներից 19 մարդ է զոհվել Լիբանանի արևելքում

Իսրայելի զինվորականները շարունակել են ավիահարվածներ հասցնել Լիբանանի արևելյան շրջաններին, որի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը։

Պարբերականի տվյալներով՝ Իսրայելի բանակը նոր հարվածներ է հասցրել Բեքաայի հովտում՝ Բաալբեկի պատմական շրջանին։ 19 զոհից 8-ը կանայք են։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) X-ում հայտնել է, որ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ» շարժման հրամանատարական կենտրոններին և ենթակառուցվածքներին Բաալբեկի և Նաբաթիայի շրջաններում։ Զինվորականները նշել են, որ «հարվածներից առաջ ձեռնարկվել են բազմաթիվ քայլեր՝ քաղաքացիական անձանց վնաս պատճառելու վտանգի նվազեցման համար», ներառյալ` տարբեր հարթակների միջոցով նախազգուշացումներ տարածելով տվյալ շրջանի քաղաքացիական բնակչությանը:

ԻՊԲ-ի պնդմամբ՝ «Հեզբոլլահ»-ն օգտագործում է քաղաքացիական ենթակառուցվածքներն ամբողջ Լիբանանում՝ «ահաբեկչական գործունեություն ծրագրելու և իրականացնելու համար՝ կանխամտածված կերպով վտանգի ենթարկելով լիբանանցի խաղաղ բնակիչների կյանքը»:

Իսրայելը սեպտեմբերի վերջին սկսել է ավիահարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, իսկ հոկտեմբերի 1-ից սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել այնտեղ՝ նշելով, որ ցանկանում է անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարում Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 2600 մարդ է զոհվել, ավելի քան 12 400-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը՝ վերջին ամսվա ընթացքում։ Բացի այդ, հակամարտության ընթացքում տեղահանվել է շուրջ 1,3 միլիոն մարդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս