Եթե խաղաղություն չի լինելու, ինչո՞ւ զիջեցիք Արցախը, Կիրանցը, Գորիս-Կապան ճանապարհը, Սոթքը․ Արթուր Խաչիկյան

Այս իշխանությունները փորձում են իրենք իրենց արդարացնել, սիրաշահում են Թուրքիային և Ադրբեջանին, բայց դա էլ չի ստացվում, և իրենց վիճակը գնալով ծանրանում է։ Երբ Սերբիան իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար հարձակվեց Կոսովոյի վրա և այնտեղից վռնդեց ավելի քան մեկ միլիոն կոսովցու, թեև հարձակումները երկու կողմից էին, միջազգային հանրությունը միանգամից միջամտեց՝ ասելով, որ դա անթույլատրելի է։ Պնդում էին, որ եթե անգամ տարածքն իրենցն է, որևէ մեկը չի կարող ազգային փոքրամասնությանն էթնիկ զտման ենթարկել։ Դրանից առաջ, երբ Հարավսլավիան էր փլուզվում, Սրեբրենիցայի, նաև շատ ավելի փոքր մասշտաբներով՝ Գորաժդեի և Ժեպայի ցեղասպանությունները չէին արդարացվում նրանով, որ Հարավսլավիան փորձում է պահպանել իր տարածքային ամբողջականությունը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:

«Մարդիկ խոսում են մի բանից, որից չեն հասկանում, օրինակ՝ պնդում են, թե միջազգային հանրությունն ինչ-որ բան ընդունում է, ինչ-որ բան՝ ոչ։ Միջազգային հանրություն չկա։ Մենք շատ միամիտ ժողովուրդ ենք, հարյուրավոր տարիներ խոսում ենք միջազգային հանրության մասին, բայց այդպիսի բան չկա։ Մեր աչքերի առջև ՄԱԿ-ը, որը միջազգային հանրության բարձրագույն ատյանն է, չորս անգամ պաշտոնապես, տարբեր ձևերով ընդունել է, որ Գազայում տեղի է ունենում ցեղասպանություն, զոհերի թիվը, որոշ հաշվարկներով, 150 հազարի է հասնում, ու թեև պաշտոնապես ասում են՝ 45 հազար, բայց շատ ավելին է։ Կադրեր կան, որտեղ մարդկանց կենդանի այրում են, Ալ-Աքսա հիվանդանոցի ռմբակոծումից մարդիկ այրվում են, մանկական հիվանդանոցներն այրվում են ԱՄՆ զենքով և փողով»,- ասաց գիտնականը:

«Երբ ամերիկյան համալսարաններում բողոք է լինում, ուսանողներին ծեծում են, համալսարանն էլ՝ փակում։ Սա ժողովրդավարական ԱՄՆ-ն է։ Դրանից հետո էլ մեզ դասեր են կարդում։ Այսքանից հետո ի՞նչ միջազգային հանրություն, ինչի՞ մասին է խոսքը, երբ բոլորիս աչքի առջև ցեղասպանություն է տեղի ունենում, և քաղաքակիրթ Արևմուտքը լուռ է։ Որոշ ղեկավարներ, օրինակ՝ Մակրոնը, քննադատեց Իսրայելի արածը, բայց շարունակում է նրան զենք մատակարարել։ Մինչդեռ ոչ միայն ֆրանսիական նավերը, այլև անգամ ինքնաթիռները չհասան Հայաստան։ Իսկ Ադրբեջանն ամեն շաբաթ Իսրայելից և Եվրոպայից օդանավեր է գնում։ Մեր եվրոպամետներին և արևմտամետներին ամենահուժկու հարվածն այն է, որ բռնապետ Ալիևն այսօր զենք է ստանում Եվրոպայից»,- նշեց քաղաքագետը:

Փորձագետի կարծիքով՝ մեզ ստում էին, թե երբ դառնանք ժողովրդավարություն, կտրվենք Ռուսաստանից, Արևմուտքից միանգամից օգնություն կստանանք և նրա մասը կդառնանք. «Արևմուտքն այսօր Ադրբեջանի հետ շատ ավելի սերտ հարաբերություններ է զարգացնում, քան մեզ հետ։ Նրանց պետք է Ադրբեջանի նավթն ու գազը։ Այդ մասին տարիներով խոսվել է, ոչ ոք չէր լսում, քանի որ այստեղ մի ամբողջ բանակ է աշխատում, և նրանց ֆինանսավորումը վեցապատկվել է՝ միայն ամերիկյան աղբյուրներից եկամուտը 40-50 միլիոն դոլարից դարձել է 250 միլիոն դոլար։ Եթե այդքան տան մեկին, նա կասի, որ ամեն ինչ լավ կլինի, եթե Արցախը հանձնենք, ռուսների հետ կռվենք, դառնանք Արևմուտքի մաս»:

«Մեզ երեք թշնամին հերիք չէր, հիմա չորրորդն էլ կլինի՝ Վրաստանը։ Ռուսաստանի հետ արդեն թշնամացել ենք, մեր երկու հարևաններին գիտենք, Իրանի հետ ունենք 40 կմ-անոց սահման, որից շուտով կզրկվենք, եթե այսպես շարունակվի, իսկ եթե Վրաստանն էլ սահմանը փակի, ուղղակի «հիանալի» կլինի։ Մենք նստած կլինենք «խաղաղության խաչմերուկի» մեջտեղում՝ թշվառի պես՝ առանց գազի, բենզինի և սննդի։ Եթե խաղաղություն չի լինելու, այսքան զիջումները, Արցախը հանձնելը, Կիրանցը կիսելը, Տավուշի գյուղերը, Գորիս-Կապան ճանապարհը, Սոթքի մի մասը զիջելու իմաստն ու նպատակը ո՞րն էր։ Մինչդեռ, եթե կա պատերազմի սպառնալիք, նորմալ պետությունը պետք է ամրապնդի իր բանակն ու ուժերը, արտաքին դաշնակիցներ փնտրի, և այլն»,- ամփոփեց քաղաքագիտության դոկտորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս