
Ադրբեջшնակшն ծագմամբ 7 իսրայելցիները 300,000 դոլար են ստացել Իրանից՝ Իսրայելի դեմ լրտեսելու համար

Ադրբեջանական ծագմամբ 7 իսրայելցները, որոնց ձերբակալման մասին հաղորդվել էր օրերս, 300,000 դոլար են ստացել Իրանից՝ Իսրայելի դեմ լրտեսելու համար: Նախորդ ամիս ձերբակալվածները հօգուտ Իրանի լրտեսությամբ զբաղվել են երկու տարի՝ այդ ընթացքում իրականացնելով շուրջ 600 առաքելություն, գրում է timesofisrael.com-ը:
Կասկածյալները ստացել են վճարումներ՝ 500-1200 դոլարի սահմանում յուրաքանչյուր առաջադրանքի համար: Լրտեսական ցանցի ստացած ընդհանուր եկամուտը կազմել է 300,000 դոլար, որը բաժանվել է անդամների միջև։
Բոլոր կասկածյալները, այդ թվում ՝ 16-17-ամյա անչափահասներ, Հայֆայի բնակիչներ են: Ըստ դատախազների՝ Ազիս Նիսանովն Իրանի կողմից հավաքագրվել է որպես լրտեսական ցանցի ղեկավար: Նրա օգնական Ալեքսանդր Սադիկովը զբաղվել է գործակալներով: Երրորդ կասկածյալը լուսանկարներ է ուղարկել Իրան: Վյաչեսլավ Գուշչինը, Եվգենի Յոֆեն և Յիգալ Նիսանը դատախազների կողմից նշվում են որպես վերջին երեք մեղադրյալներ:
Դատախազների խոսքով՝ Նիսանովը ձևացրել է, թե իբր լրտեսները զբոսավարներ են եղել, սակայն իրականում տեղեկություններ են հավաքել Իսրայելի զգայուն վայրերի, ռազմական բազաների և մարդկային թիրախների մասին:
Մեղադրյալները հարյուրավոր առաքելություններ են իրականացրել Նևաթիմում, Ռամաթ Դեյվիդում, Թել Նոֆում և Պալմաչիմի ավիաբազաներում, ինչպես նաև Բեեր Տուվիայում, Կիրյաթ Գաթում, Էմեկ Հեֆերում և Թել Ավիվից հյուսիս գտնվող Գլիլոտ համալիրում:
Բացի այդ, մեղադրյալները լուսանկարել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգերը Հայֆայի տարածքում, կառավարական շենքերը Հայֆայում, Հայֆայի, Աշդոդի և Էյլաթի նավահանգիստները, Հադերայի էլեկտրակայանը։