Գուտերեշը Պուտինին ասել է, որ Ուկրաինայում պատերազմը միջազգային օրենքի խախտում է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը, Սև ծովում նավագնացության ազատությունը, իրադրությունը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունը։
«Գլխավոր քարտուղարը կրկնել է իր դիրքորոշումն այն մասին, էր Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային օրենքը», – գրված է հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպման ընթացքում արտահայտվել է նաև Սև ծովում նավագնացության ազատության ապահովման օգտին։
«Գլխավոր քարտուղարն իր համոզմունքն է հայտնել, որ Սև ծովում նավագնացության ազատության ապահովումն առաջնահերթ նշանակություն ունի Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև համաշխարհային պարենային և էներգետիկ անվտանգության համար։ Նա լիովին աջակցում է այս հարցի շուրջ բանակցությունների շարունակությանը», – հայտնել է Գուտերեշի գրասենյակը։
Գուտերեշը և Պուտինը նաև քննարկել են իրադրությունը Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես նշելով «Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի բացարձակ անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում լարվածության հետագա սրացումից խուսափելու անհրաժեշտությունը»։ Կողմերի քննարկման թեմաներից է եղել նաև միջազգային ֆինանսական համակարգը։
ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովն անցկացվել է հոկտեմբերի 22-24-ը ՌԴ Կազան քաղաքում։