Փաշինյանն առաջ հայտարարում էր, թե «Հայաստանում համակարգված կոռուպցիա չկա», իսկ հիմա ասում է «մենք շարունակելու ենք հետևողական պայքարը կոռուպցիոն համակարգերի դեմ». «ՉԻ»

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին ու հայտարարել․ «Մենք շատ հարցերում սպառել ենք այն փուլը, որ միայն քաղաքական կամքով կարող ենք արդյունքներ արձանագրել, հիմա մեզ պետք է ինստիտուցիոնալ կայացում․․․ մենք շարունակելու ենք հետևողական պայքարը կոռուպցիայի և կոռուպցիոն համակարգերի դեմ»։

Հետաքրքիր է՝ ի՞նչ է նշանակում «քաղաքական կամքով արդյունքներ արձանագրել»։ Այստեղ երկու տարբերակ կա։ Առաջին․ «սկզբում մեր հեղափոխական թիմը ռոմանտիկ էր, չկոռումպացվելու քաղաքական կամք ուներ, բայց կամաց-կամաց փողի համը տեսել են, էլ ռոմանտիկ չեն, ու հիմա արդեն ինստիտուցիոնալ զսպումներ են պետք»։

Երկրորդ․ «սկզբում մենք քաղաքական կամքով նախկիններից ում գլխին ուզում՝ բամփում էինք ու ինչ ուզում՝ խլում, որտեղ ասես՝ շնորհքով ներխուժում էինք, կամ ակնկալում էինք, որ մեր մատնանշած հիմնադրամներին մեր նշած չափով կամովին աջակցեն, բայց այդ փուլը սպառվել է, հիմա նույնը պիտի անենք ինստիտուցիոնալ մեխանիզմներով»։ Հետաքրքիր է նաև, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 4-5 տարի առաջ հայտարարում էր, թե «Հայաստանում համակարգված կոռուպցիա չկա», իսկ հիմա ասում է «մենք շարունակելու ենք հետևողական պայքարը կոռուպցիոն համակարգերի դեմ»։ Այսինքն՝ պայքարելու են մի բանի դեմ, որը, ըստ իրենց, գոյություն չունի։

Տեսանյութեր

Լրահոս