«Այդ դատավորը հայերենի համար երևի պետք է սեղմի 1 կամ 2». Միհրան Մախսուդյան
2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո պաշտոնից ազատվել էր 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը։
Պաշտոնում վերականգնվելու նպատակով Միհրան Մախսուդյանը դիմել էր դատարան՝ հեռացումը համարելով անօրինական։
«Նիկոլ Փաշինյանն ասում է, թե մեր դատական համակարգն անկախ է, բայց չգիտես՝ ինչու հանկարծ պարզվեց, որ այդ դատը չշահեցի։ Ես հոսպիտալում պառկած էի, ինձ հեռացրել են աշխատանքից, ես էլ դիմել եմ դատարան, թե՝ ինչո՞ւ եք ինձ ազատել։ Նամակ եմ գրել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ասել եմ՝ անցկացրեք ծառայողական քննություն, եթե ես մեղավոր լինեմ, պատժեք օրենքով նախատեսված բոլոր հոդվածներով։ Բայց չարեցին, ես էլ ստիպված դիմեցի դատարան, բայց դատավոր Հերմինե Մուրադյանը գուցե անգրագետ է։
Սուրեն Պապիկյանին ուղղված իմ զեկուցագրի առաջին կետում գրել էի, որ ծառայողական քննություն անցկացնելուց հետո միայն կարող եք ինձ հեռացնել պաշտոնից։ Նշել եմ նաև, որ երկար տարիներ ես Զինված ուժերում եմ ծառայել, չպետք է ինձ այդպես հեռացնեն, Գլխավոր շտաբի ակադեմիան եմ ավարտել, պետությանը դեռ պետք է 4,5 միլիոն գումար վճարեմ, եթե զորացրեն, գումարը չեմ կարողանալու վճարել։
Ամեն ինչ մանրամասն ներկայացրել եմ, որ ընտանիքիցս երեք զոհ եմ տվել՝ հանուն մեր պետականության, երկրի, վերջում էլ գրել եմ, որ՝ խնդրում եմ ձեր որոշումը։ Դատավորն էլ «խնդրում եմ ձեր որոշումը» արտահայտությունը հասկացել է, թե ես դիմել եմ Պապիկյանին ու խնդրել, որ ինձ զորացրի։ Իմ հայցը մերժել է, հետո էլ ինձ ասում է՝ դուք ախր նախարարին խնդրել եք ձեզ զորացրի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Միհրան Մախսուդյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ դատավորը լավ չի հասկացել իրեն։
«Այդ դատավորը հայերենի համար երևի պետք է սեղմի 1 կամ 2։ Ես այդքան բացատրել եմ, որ պատրաստ չեմ զորացրվելուն, քանի որ երկիրս վտանգի տակ է, նույնիսկ կարող եմ ծառայել՝ որպես շարքային զինվոր։
Բայց այսպես չի մնալու, դիմելու եմ Վերաքննիչ։ Լավ, եթե դատավորն անգրագետ չէ, ո՞ւմ հրամանն է կատարել։ Գիտեմ, կրկին չեմ շահելու դատը, բայց չեմ էլ լռելու, մինչև Եվրոպական դատարան գնալու եմ»,- հավելեց Միհրան Մախսուդյանը։
Ըստ մեր զրուցակցի, ցավալի է, երբ իրեն զորացրում է մի մարդ՝ Սուրեն Պապիկյանը, ով բանակում չի ծառայել։ Գնդապետը վստահ է՝ ամեն ինչ պլանավորված է եղել։
«Ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալումից սկսած՝ իշխանությունը ծրագրավորած եկել է։ Այս մարդկանց բանակում նորմալ զինվորականներ պետք չեն, բոլորից ազատվում են։ Չգիտեմ, երևի ուզում են առհասարակ բանակը կործանեն։ Չե՞ք տեսում, որ այսօր զինվորական համազգեստը, կոչումը, հերոսը, ուսուցիչը, գիտնականն այս երկրում արժեզրկվել են։ Մի ժամանակ զինվորական համազգեստը հպարտորեն էինք հագնում, բայց 2020 թվականից մինչև օրս ես տոնական համազգեստ չեմ հագել։ Տոնական համազգեստս կհագնեմ այն ժամանակ, երբ Արցախը հետ կբերենք, երբ մեր կորցրածը հետ բերենք. Սա շուտով կլինի, պիտի ես տեսնեմ Արցախի ազատագրումը։ Մի խոսք եմ միշտ ասում՝ հաղթանակը Կիրանցից գնալու է դեպի Արցախ»,- եզրափակեց Միհրան Մախսուդյանը։