ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ապրանքների շարժի վերահսկողության բարձրացմանը միտված օրենքի նախագծին2 րոպեի ընթերցում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի նիստում դրական եզրակացություն տվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։
Դրա նպատակն է ապահովել ապրանքների մատակարարման գործարքների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակում դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի պարտադիր նշումը, ինչպես նաև հսկիչ (նույնականացման) նշանով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում այդ փաստաթղթերում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկատվության լրացման պահանջի սահմանումը:
Նախագիծը ներկայացրեց ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։
«Նախագիծը ուղղված է Հայաստան Հանրապետությունում ներմուծված կամ արտադրված ապրանքների շարժի նկատմամբ հսկողության բարձրացմանը, նաև այդ շարժի ընթացքում հսկիչ նշանների քանակի վերաբերյալ տեղեկատվության արտացոլմանը»,- նշեց նա։
Մանուկյանը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությունը ժամանակի ընթացքում մաս-մաս է կիրառվելու, որովհետև միանգամից կիրառելու համար նախ պետք է ունենալ ծրագրային ապահովում, որպեսզի սուբյեկտները, հիմնականում ներմուծողներն, իրենց ներմուծման հայտարարագրից կարողանան ավտոմատ գեներացնել այդ կոդերը և արտացոլել հաշվարկային փաստաթղթերում։
«Այդ ամբողջ տեղեկատվությունը կօգնի հատիկի ճշգրտությամբ հսկել ապրանքների շարժը։ Սա նաև ստվերային շրջանառությունը բացառելու նպատակ ունի»,- ընդգծեց Մանուկյանը՝ հավելելով, որ փորձագետներն երեք ընդունելի դիտողություն ունեն նախագծի վերաբերյալ, որոնք բոլորն էլ խմբագրած կներկայացվեն երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։
Նշվեց նաև, որ փոփոխությունները վերաբերում են խոշոր տնտեսվարողներին և չեն առնչվում մանր վաճառակետերին։