Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացրել է իր «հաղթանակի ծրագիրը»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Գերագույն ռադայում, խոսել է իր «հաղթանակի ծրագրի» մասին, որը սեպտեմբերի վերջին ներկայացրել էր ԱՄՆ-ում։ Մինչ այժմ այս ծրագիրը պաշտոնապես և հրապարակային չէր ներկայացվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ հրապարակման՝ ծրագիրը բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածներից։
«Պատերազմը կարող է ավարտվել հաջորդ տարի, եթե իրականացվի ծրագիրը», – ասել է Զելենսկին:Առաջին կետը աշխարհաքաղաքական է՝ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրել «հիմա»։
Երկրորդ կետը վերաբերում է պաշտպանությանը և ենթադրում է գործողությունների շարունակում Ռուսաստանի տարածքում և ՌԴ-ի տարածքում հարվածների սահմանափակումների վերացում, գործընկերների հետ ռուսական ավիացիայի համատեղ ոչնչացում, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործման ընդլայնում և հասանելիություն դաշնակիցների հետախուզական տվյալներին: Այս կետն ունի գաղտնի հավելված:
Երրորդ կետը վերաբերում է զսպմանը. Ուկրաինան առաջարկում է իր տարածքում տեղակայել որոշակի ոչ միջուկային զսպման ռազմավարական փաթեթ, որը բավարար կլինի Ռուսաստանից եկող ցանկացած ռազմական սպառնալիքից պաշտպանվելու համար։ Այս կետն, ըստ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի, նույնպես ունի գաղտնի հավելված, որն արդեն ստացել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի ղեկավարները։
Չորրորդ կետը Ուկրաինայի տնտեսական ներուժի զարգացումն է և պատժամիջոցների խստացումը։ Այս կետի գաղտնի հավելվածը փոխանցվել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին:
Հինգերորդ կետը նախատեսված է հետպատերազմյան ժամանակաշրջանի համար. պատերազմից հետո ուկրաինացի զինվորականները կարող են օգտագործել իրենց փորձը ՆԱՏՕ-ի և Եվրոպայի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ըստ Զելենսկիի, որի խոսքերը փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, ուկրաինացի զինվորականները կկարողանան փոխարինել Եվրոպայում ամերիկյան զորախմբի մի մասին։
Ռադայում պլանի ներկայացմանը ներկա են եղել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը և ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը։Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Զելենսկիի պլանն անվանել է «պատրանքային»։