Կարող էի ընդհանրապես չգալ դատարան. բարի կամք եմ դրսևորել. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել որպես մեղադրյալ, դատական նիստը սկսելիս նա պարզաբանում խնդրեց դատարանից, թե ինչ հոդվածով է որպես մեղադրյալ:
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը։
«Այնուամենայնիվ, ես պարզաբանում չստացա, թե ինչ հոդվածով եմ մեղադրվում, ես կխնդրեի դատարանի քարտուղարը շտկի այն սխալը, որ արել է։ Ես նաև ծանուցում եմ ստացել որպես մեղադրյալ ներկայանալու մասին»,- դատական նիստի մեկնարկին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Դատավորն ասաց, որ այդ փուլին դեռ կհասնեն, և շուտով դատարանը հանգամանալից պարզաբանում կտա:
«Շատ կներեք, ես եկել եմ այստեղ բարի կամք դրսևորելով։ Ըստ էության՝ ես կարող էի ընդհանրապես չգալ։ Եկել եմ մեկ նպատակով՝ ցույց տալու, չմտածելու, որ ես կարող է՝ վախեցել եմ դատարան գալուց։ Կարող էի գալ և նստել ոչ թե այստեղ, այլ դահլիճի մյուս մասում։ Դուք էլ եք գիտակցում, որ այստեղ խնդիր կա։ Եվ խնդրում եմ շտկվի այդ սխալը»,- ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ կարող է ընդհանրապես լքել դահլիճը, ընդգծելով, որ այս քրեական հետապնդումը սկսվել է շատ լուրջ խախտումներով.
«Ուղղակի բռնաբարվում է օրենքը։ Հիմա վերսկսելը գոնե արեք այնպես, որ նման կարգի խնդիրներ չառաջանան»։
Խոսքն ավարտելուց հետո Ռոբերտ Քոչարյանը դահլիճի պաշտպանական կողմից գնաց և նստեց որդու` Լևոն Քոչարյանի կողքին։