Մի քանի անհարմար լուսանկարի պատմություն․ ի՞նչ են քննարկում ՌԴ մեդիա շրջանակները Փաշինյանի անպարկեշտ լուսանկարների սկանդալի շուրջ
Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Ռուսաստան թե Երևանում, թե Մոսկվայում երկար կհիշեն Փաշինյանի աղմկահարույց լուսանկարների պատճառով։ Ռուսական պետական գործակալության կողմից ԱՊՀ ղեկավարներից միայն Փաշինյանին նման ռակուրսներից լուսանկարելն ու տեղադրելն ակնհայտորեն ՌԴ վերաբերմունքի դրսևորում է Փաշինյանի նկատմամբ։ Ինչպես գրել էինք օրերս մեր անդրադարձներում, ՌԴ-ում նման կիքսեր այլ ղեկավարների նկատմամբ չեն պատահում։
Ըստ 168․am-ի մոսկովյան մեդիա աղբյուրների, «Կրեմլյովսկիյ պուլ» կոչվող լրագրողական խմբում, որն աշխատում է Կրեմլում, Կրեմլի համար և լուսաբանում ՌԴ նախագահի գործունեությունը, ներառվում են միայն Կրեմլի համար խիստ վստահելի լրագրողներն ու լուսանկարիչները նույնպիսի ԶԼՄ-ներից, ինչպիսին ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունն է, որը հրապարակել էր Փաշինյանի անպարկեշտ լուսանկարները։
Բացի այդ, մեզ փոխանցեցին, որ նույնիսկ նման ընտրությունից հետո լրագրողական այս խմբի հետ սերտորեն աշխատում են նախագահական արարողակարգի ծառայությունները։
«Կորոնավիրուսի տարածումից և Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունից հետո, երբ ՌԴ նախագահի օտարերկրյա այցերն էապես կրճատվեցին, կրճատվեց նաև նախագահին ուղեկցող և Կրեմլում նրա հանդիպումները լուսաբանող թիմի թվաքանակը։ Ներկայումս անձամբ նրա հետ խոսելու և համաձայնեցված հարցեր տալու հնարավորություն է ունենում միայն մեկ լրագրող։ Մասշտաբային միջոցառումները ևս կազմակերպվում են գրեթե նույն սկզբունքով, պարզապես կան որոշակի առանձնահատկություններ՝ այս դեպքում գուցե լրագրողները մի փոքր ավելի շատ լինեն, գուցե այլ ղեկավարներ իրենց հետ Մոսկվա բերեն լրագրողներ, ուստի սա առանձնահատուկ իրավիճակ է և այլ ռեժիմ է գործում։
Սակայն բոլոր դեպքերում արարողակարգը, լրատվական ծառայությունն աշխատում են խիստ ռեժիմում։ «Կրեմլյովսկիյ պուլ» կոչվող լրագրողական խմբում ավանդաբար աշխատող լրագրողներն արդեն գիտեն՝ ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ, ուստի գրեթե մինիմալ է հավանականությունը, որ նման աշխատելաոճի պարագայում կլինեն կիքսեր կամ կտարածվեն լուսանկարներ, որոնք կդիտարկվեն տգեղ, առավել ևս՝ անհարմար, վերածվելով գրեթե միջպետական սկանդալի»,- նման տեղեկություն հայտնեց մեզ «Կրեմլյովսկիյ պուլ» կոչվող լրագրողական խմբի աշխատանքի առանձնահատկություններին լավատեղյակ ռուս լրագրողներից մեկը։
Նա դժվարացավ ասել, թե ինչու են Նիկոլ Փաշինյանին նման կերպ ներկայացնող լուսանկարները հրապարակվել՝ չբացառելով նաև դրանք միտումնավոր շրջանառության մեջ դնելու հավանականությունը։
Մեր աղբյուրը նաև մեզ փոխանցեց այն խոսակցությունները, որոնք շրջանառվում են ռուսական մեդիաքաղաքական տիրույթում ստեղծված աղմկահարույց իրավիճակի շուրջ։
«Նեղ շրջանակներում այդ լուսանկարները լայնորեն քննարկվեցին, դրանք, իհարկե, չպետք է հրապարակվեին, նման միջոցառումների լուսանկարներն ընտրվում են։ Սակայն այդ լուսանկարների հետ զուգահեռ՝ քննարկվեցին նաև լուսանկարները, որոնք հայտնվում են Նիկոլ Փաշինյանի սոցցանցային հարթակներում։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի ընտրությունն է՝ հրապարակել այն, ինչ ցանկանում է, սակայն ոչ պաշտոնական, հանգիստ, կենցաղային մթնոլորտ նկարագրող լուսանկարները քիչ չեն, ինչը բնորոշ չէ ղեկավարներին՝ հատկապես հետսովետական տարածքում։ Մոսկվայում գտնվելու ընթացքում նա հյուրանոցային պատուհանագոգին նստած, կարելի է ասել, ընտանեկան լուսանկար էր տարածել։ Հեծանիվ քշելը ևս մեծ զարմանք առաջացրեց, որից հետո այստեղ շատերն իմացան, որ դա արդեն ավանդական է դարձել նրա՝ օտարերկրյա այցերի ժամանակ։ Սա չպետք է ռուսական որևէ լրատվամիջոցի արտոնել՝ տարածել վատ լուսանկար, ղեկավարների դեպքում նման դեպքերը, այսպես ասած՝ տոն են ստեղծում նրա հանդեպ։ Սա ևս արարողակարգի նրբություններից է, որն աննպատակ չէ, գերատեսչությունները, ղեկավարները, նախարարներն ունեն արարողակարգային պարտավորություններ ևս, դա կարևոր է»,- ասաց մեր զրուցակիցը։
Ամենևին չարդարացնելով ռուսական պետական լրատվամիջոցի տգեղ արարքը, պետք է նշել, որ հաճախ չես հանդիպի ղեկավարների, որոնք կիսատաբատով, խիստ ոչ պաշտոնական մթնոլորտում արված լուսանկար են հրապարակում այն երկրից, որտեղ մեկնել են կարևոր աշխատանքային այցով, որի ընթացքում քննարկվում են գերկարևոր հարցեր։
Արարողակարգը հատկապես զգուշավոր պետք է աշխատի այն երկրների այցերի դեպքում, որոնց հետ կան խնդրահարույց հարաբերություններ կամ խնդիրներ, ինչպես Ռուսաստանի դեպքում։ Թեև արարողակարգի անգամ նման աշխատանքը մյուս կողմի ցանկության դեպքում լիովին չի բացառի նման միտումնավոր «կիքսերը», սակայն այն առավելագույնս կնվազեցնի դրանց հավանականությունը, ռիսկերը։ Իշխանությունը, որը վրդովվում է նման միջադեպերից, պետք է մտածի, թե ինչպես է ներկայանում աշխարհին՝ ղեկավարն ինչ հագուկապով, կեցվածքով, քայլվածքով, շարժումներով է մասնակցում հանդիպումներին և այլ բարձրաստիճան միջոցառումներին։



