
Ադրբեջանցի պատգամավորները դիմել են Բայրամովին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի ծրագրերը

Ադրբեջանցի պատգամավորները դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերը։
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է խոսնակ Սահիբա Գաֆարովան՝ պնդելով, թե «Բաքուն վարում է անկախ ներքին և արտաքին քաղաքականություն»։
Նա հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ «ոչ ոք չի կարող Բաքվին որևէ բան թելադրել կամ միջամտել ներքին գործերին», և որ իրենք «կանեն այն, ինչ անհրաժեշտ են համարում»:
Ադրբեջանցի պատգամավորները դժգոհել են, որ «Վաշինգտոնը փորձում է նոր հակամարտություն հրահրել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ խոշոր ֆինանսական օգնություն հատկացնելով Երևանին, վերազինելով երկիրը և դրանով իսկ դրդելով նրան ոչ կառուցողական դիրքորոշում գրավել խաղաղության շուրջ բանակցություններում»։
«Հարավային Կովկասի նկատմամբ Սպիտակ տան քաղաքականության հիմնական նպատակն է ճնշում գործադրել մեր երկրի վրա՝ թույլ չտալու համար Ադրբեջանին առաջատար դիրք գրավել տարածաշրջանում», – ասել է պատգամավոր Մուշֆիգ Ջաֆարովը: