Ռուսաստանը թարմացնում է միջուկային դոկտրինը, որ հակառակորդները պատրանքներ չունենան. ԱԳՆ
Ռուսաստանը թարմացնում է միջուկային դոկտրինը, որպեսզի հակառակորդները պատրանքներ չունենան առկա բոլոր միջոցներով սեփական անվտանգությունն ապահովելու` Մոսկվայի պատրաստակամության վերաբերյալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Մենք հաշվի ենք առնում ռազմավարական կայունության, մեր անվտանգության և պաշտպանունակության վրա ազդող գործոնների ողջ համալիրը։ Այդ նպատակով թարմացնում ենք պետական քաղաքականության հիմունքները միջուկային զսպման ոլորտում, որպեսզի հակառակորդները պատրանքներ չունենան` կապված ՌԴ անվտանգությունն առկա բոլոր միջոցներով ապահովելու մեր պատրաստակամության վերաբերյալ», – ասել է Գրուշկոն։
Նրա խոսքով` թե՛ կոնցեպտուալ, թե՛ քաղաքական, և թե՛ ռազմատեխնիկական առումով ՆԱՏՕ–ի միջուկային երկրներն ու բուն դաշինքը, որն իրեն միջուկային է հռչակել, շարժվում են դաշինքի ռազմավարության մեջ միջուկային զենքի դերը բարձրացնելու ուղղությամբ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի մշտական խորհրդակցության նիստի ժամանակ առաջարկել էր քննարկել միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքների թարմացման հարցը։
Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել ագրեսիայի դեպքում, այդ թվում` այն ժամանակ, երբ թշնամին սովորական զենք օգտագործելով` ծայրահեղ վտանգ է ստեղծում ինքնիշխանության համար: Նա հավելել էր, որ առաջարկվում է միջուկային պետության մասնակցությամբ ոչ միջուկային պետության իրականացրած ագրեսիան դիտարկել որպես նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։