
«Թուրքիայի հետ անհրաժեշտ վստահության մակարդակի ենք հասել». Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտգործնախարար Յորղոս Գերապետրիտիսն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հունական «Kathimerini» թերթին տված հարցազրույցում Գերապետրիտիսը նշել է, որ վերջին 15 ամսում երկու երկրների միջև անհրաժեշտ վստահության մակարդակ է ձևավորվել՝ բաց կապի խողովակների միջոցով:
Նա նաև խոսել է «Տնտեսական բացառիկ գոտու» սահմանման շուրջ քննարկումներին և ընդգծել, որ դրանց ներկա պայմանների գնահատման հետ կապված անհրաժեշտ հրահանգներ է ստացել և բոլոր հարցերն առաջիկայում քննարկելու է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ վերջինիս Աթենք իրականացնելիք այցի շրջանակներում:
«Առկա լավ մթնոլորտը փորձում ենք պահել»,-հավելել է Հունաստանի ԱԳ նախարարը: