
Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը ՀՀ ՊՆ-ում հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում երկկողմ հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի ու ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հնարավորություններին։ Մատնանշվել են համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները:
Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, և կարծիքներ են փոխանակվել միջազգային ռազմաքաղաքական զարգացումների վերաբերյալ։