Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին (թարմացվող)
Իրանը օդային գործողություն է՝ հարյուրավոր բալիստիկ հրթիռներ արձակելով Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին տեսանյութեր ու տեղեկություններ են հրապարակում իրանական և իսրայելական թելեգրամյան ալիքները։ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հաստատել է տեղեկությունը, հայտարարություն տարածելով։
Իսրայելական բանակի հաղորդագրությունում ընդգծվում է, որ երկրի բնակիչները պետք է «զգոն մնան և խստորեն հետևեն հրամանատարության հրահանգներին»։
«Իսրայելական բանակն անում և կանի ամեն ինչ՝ Իսրայել պետության խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
***
Այսօր ավելի վաղ արևմտյան հեղինակավոր ԶԼՄ-ները, մասնավորապես Associated Press –ը(AP) և NBC News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան և Պենտագոնի աղբյուրներին, գրել էին, որ Իրանը ծրագրում է մոտ ապագայում բալիստիկ հրթիռային հարձակում իրականացնել Իսրայելի վրա՝ կապված «Հըզբոլլահ»-ի դեմ Լիբանանի հարավում իսրայելական գործողության մեկնարկի հետ։
Ըստ AP-ի զրուցակիցներից մեկի՝ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Իսրայելի պաշտպանության նախապատրաստմանը։ «Իսրայելի վրա ուղղակի ռազմական հարձակումը լուրջ հետևանքներ կունենա Իրանի համար», – ասել է աղբյուրը NBC-ին:
Ամերիկյան վարչակազմը, հեռուստաալիքի տվյալներով, սպասում էր Թեհրանի պատասխանին Հեզբոլլահի առաջնորդ Նասրալլա Հասանի սպանությունից և Լիբանանում հոկտեմբերի 1-ի գիշերը սկսված Իսրայելի ցամաքային գործողությունից հետո։ Միաժամանակ, ըստ անանուն պաշտոնյաների, Իրանը հասկացրել է ԱՄՆ-ին, որ դեռ չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ։
***
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այսօր այցելել էր Թեհրանում «Հըզբոլլահի» ներկայացուցչություն, որտեղ հանդիպում էր ունեցել կազմակերպության ներկայացուցչի հետ, հաղորդել էր Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում էր, որ Արաղչին դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Նասրալլայի սպանությունն «ահաբեկչական հանցանք» անվանելով, ընդգծել է, որ «նման գործողությունները չեն թուլացնի դիմադրությունը»։
Նախարարը վստահեցրել էր, որ Իրանը շարունակելու է աջակցել «Հըզբոլլահին»։
***
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի ռուսալեզու թելեգրամյան ալիքը տարածել է ԻՀՊԿ կարճ հայտարարությունը։ Նշվում է, որ Իրանը հրթիռների արձակումից հետո պատրաստ է ցանկացած պատասխան գործողությունների։ Սակայն նաև ասվում է, որ եթե Իսրայելը պատասխանի, ապա ջախջախիչ պատասխան կստանա։ «Ի պատասխան Իսմայիլ Հանիաի, Սեյյեդ Հասան Նասրալլայի և նահատակ Նիլֆորոշանի նահատակությանը, մենք թիրախավորեցինք գրավյալ հողերի սիրտը»,-ասված է ԻՀՊԿ հաղորդագրությունում։
***
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է ամերիկացի զինվորականներին օգնել Իսրայելին՝ Իրանից արձակված հրթիռների ֆոնին։ Այս մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները՝ Սպիտակ տան հայտարարությանը հղում անելով։
«Նախագահ Բայդենը հրահանգել է ԱՄՆ զինվորականներին օգնել իսրայելական ուժերին հետ մղել Իրանի հարձակումները և խոցել հրթիռները, որոնք թռչում են Իսրայելի ուղղությամբ», – ասվում է հայտարարության մեջ:
***
Իսրայելը, Հորդանանը և Իրաքը փակել են իրենց օդային տարածքը Թել Ավիվի ուղղությամբ Իրանի հրթիռային հարձակման պատճառով։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
«Բեն Գուրիոն օդանավակայանից ժամանող և մեկնող բոլոր թռիչքները դադարեցվել են Իրանից զանգվածային հրթիռային հարձակման պատճառով»,- գրում է լրատվամիջոցը։
***
Իրանական հրթիռների առնվազն 80%-ը թիրախներ է խոցել Իսրայելի վրա հարձակումների առաջին ալիքի ժամանակ, հայտնում է Fars գործակալությունը։
Հրթիռներից մի քանիսը հարվածել են Գազայի հատվածի Նեցարիմ շրջանին՝ խոցելով մեծ թվով իսրայելական տանկեր, գրում են լրատվամիջոցները։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ հարվածել են Միջերկրական ծովում գտնվող ռազմաբազային։
***
Times of Israel-ը գրում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) խոսնակ կոնտրադմիրալ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իսրայելը կպատասխանի իր երկրի վրա Իրանի հրթիռային հարձակմանը։
«Մենք գտնվում ենք պաշտպանության և հարձակման բարձր պատրաստվածության վիճակում, մենք պաշտպանելու ենք Իսրայելի քաղաքացիներին։ Այս հարձակումը հետևանքներ կունենա: Մենք ծրագրեր ունենք և կգործենք մեր ընտրած ժամանակին ու վայրում»,-նշել է նա։
***
Իսրայելի ուղղությամբ Իրանի բալիստիկ հարձակման ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշիանն իր X-ի էջում հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի «փնտրում»։
Սակայն, ըստ նրա, վճռականորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի ու կոչ անում Իսրայելին Թեհրանի հետ հակամարտության մեջ չմտնել։
Նա նաև հայտարարել է, որ Իրանը պատասխանել է Իսրայելի գործողություններին հանուն անվտանգության և խաղաղության։ «Թող Նեթանյահուն իմանա, որ Իրանը ռազմատենչ երկիր չէ, բայց ամուր կանգնած է ցանկացած սպառնալիքի դեմ։ Սա մեր ուժի միայն մի կողմն է։ Իրանի հետ կոնֆլիկտի մեջ մի մտեք»,-գրել է նա։
***
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն, ով օրերս ՄԱԿ ԳԱ շրջանակում հանդիպել էր ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեքշիանին և սլել մերձավորարևելյան զարգացումների վերաբերյալ իրանական կողմի մտահոգությունները, այդ թվում Արևմուտքի քաղաքականության վերաբերյալ, քիչ առաջ իր X-ի էջում արձագանքել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Նա գրել է հրադադարի բացարձակ անհրաժեշտության մասին։
«Ես դատապարտում եմ մերձավորարևելյան հակամարտության աճող էսկալացիան։ Սրան պետք է վերջ դրվի: Մեզ բացարձակ զինադադար է անհրաժեշտ»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ Ավելի վաղ նա նաև իր ծայրաստիճան մտահոգությունն էր հայտնել Լիբանանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ հրադադարի։
***
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության հետագա սրացումը ցանկալի չէ։ «Սակայն Իսրայելի վրա Իրանի հարձակումը հետևանքներ կունենա։ Ես չեմ պատրաստվում անդրադառնալ, թե ինչ հետևանքներ կլինեն, բայց կան բաներ, որոնց շուրջ մենք կհամակարգենք մեր քայլերը իսրայելցի գործընկերների հետ»,- ասել է նա։
***
ԱՄՆ ռազմածովային ուժերը 12 հակաօդային հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ արձակված իրանական հրթիռները կասեցնելու համար, հայտարարել է Պենտագոնը:
«Իրանի հարձակումը, մեր կարծիքով, արդարացված չէր, և մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումները»,-ասված է հայտարարության մեջ: