
ԱՄՆ-ում նավահանգիստների աշխատողների զանգվածային գործադուլ է սկսվել

ԱՄՆ-ի արևելյան ափի նավահանգիստների տասնյակ հազարավոր բեռնակիրներ գործադուլ են սկսել՝ լքելով աշխատատեղերը կեսգիշերից հետո: POLITICO-ն գրում է, որ ակցիան կհանգեցնի երկրում բեռների մատակարարման զգալի խափանումների։
Գործադուլի պատճառ է դարձել այն, որ Նավահանգստի բեռնակիրների միջազգային ասոցիացիան և ԱՄՆ-ի նավագնացության ոլորտի ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնեցնել աշխատանքային պայմանների և աշխատավարձերի վերաբերյալ նոր պայմանագիրը։
POLITICO-ի տվյալներով` ակցիայի մեկնարկը նշանակում է, որ բեռները չեն կարող բեռնաթափվել ողջ Ատլանտյան ափի և Մեքսիկական ծոցի ափի նավահանգիստներում:
Նշվում է, որ նավահանգիստների նույնիսկ կարճատև պարապուրդը կարող է կաթվածահար անել տնտեսությունը։ Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ գործադուլի հետևանք կարող է դառնալ մի շարք ապրանքների (սննդամթերքից մինչև ավտոմեքենաներ)՝ ԱՄՆ ներմուծման դադարեցումը։
Իրադարձությունների նման զարգացումը, ըստ որոշ գնահատումների, ամերիկյան տնտեսության համար կարող է օրական միլիարդավոր դոլար արժենալ։ Այս կապակցությամբ Սպիտակ տունը USMX նավահանգստային օպերատորների ասոցիացիային կոչ է արել կարճ ժամկետներում կարգավորել արհմիության հետ տարաձայնությունները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ միջամտել և որևէ բան ձեռնարկել գործադուլը կանխելու համար։