Մոսկվան չի նախատեսում զորքերը դուրս բերել Ցխինվալիից և Սոխումիից
Ռուսաստանը չի դիտարկում Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի (Ցխնիվալի) դե ֆակտո հանրապետությունները Վրաստանին վերադարձնելու տարբերակը, վրաստանյան Netgazeti լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Դումայի պատգամավոր, Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) կազմակերպության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ «Մոսկվան կկատարի անվտանգության բոլոր պայմանավորվածությունները» և իր զորքերը շրջաններից դուրս չի բերի։
«Մերձեցումը ենթադրո՞ւմ է ռուսական զորքերի դուրսբերում։ Մենք պայմանագրեր ունենք Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ անվտանգության, ռազմական հարցերի և այլնի վերաբերյալ։ Այս հարցը ոչ ոք չի քննարկում։ Սերգեյ Լավրովն ասել է այն, ինչ ասել է, նա նկատի չի ունեցել զորքերի դուրսբերումը:
Բանն այն է, որ անհրաժեշտ է Աբխազիայում, Օսիայում և Վրաստանում առերեսվել առկա իրականությանը, միջպետական հարաբերությունների շրջանակներում հաստատել իրական փոխգործակցության ինչ-որ ձև։
Լավրովի խոսքերը չպետք է ընկալել որպես Ռուսաստանի շահագրգռվածություն Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանին վերադարձնելու հարցում։ Այս հարցը վաղուց անցել է: Եթե իրար հետ տնտեսական ու բիզնես հարաբերություններ են հաստատեն, դա միշտ դրական է»,- ասել է Զատուլինը: