Ուրիշի համար փոս մի՛ փորիր
Մի օր հովիվը մի մարդու վիրավորեց, իսկ նա սրտում չարություն պահեց և որոշեց վրեժխնդիր լինել: Նա գիտեր, որ հովիվը հեռու մի տեղ է կենդանիներին արածեցնում, որտեղ համարյա ոչ ոք չի լինում, և որոշեց առիթից օգտվել ու մի խորը փոս փորել, որպեսզի հովիվը դրա մեջ ընկնի:
Ուշ գիշեր էր, երբ սկսեց փորել: Փորում էր ու պատկերացնում, թե իրեն վիրավորողն ինչպես է դրա մեջ ընկնելու և հնարավոր է մարմնի անդամներից մեկը կոտրի կամ մեռնի դրա մեջ՝ դուրս գալու հնարավորություն չունենալով: Կամ գոնե նրա կովերից կամ ոչխարներից ու այծերից մեկը կընկնի դրա մեջ:
Այնքան երկար ու համառորեն փորեց՝ վրեժի մասին երազելով, որ չնկատեց, թե փոսն ինչպես է ավելի ու ավելի խորը դառնում: Բայց ահա երևացին արևի առաջին շողերը, և նա սթափվեց մտքերից: Եվ որքան մեծ էր զարմանքը, երբ տեսավ, որ այդ ընթացքում այնքան խորը փոս է փորել, որ արդեն ինքը չի կարող դուրս գալ այդտեղից:
Ուստի, նախքան որևէ մեկի համար մտովի փոս փորելը, հիշի՛ր՝ այն փորելու համար, նախ ինքդ ստիպված կլինես դրանում հայտնվել, քանի որ առաջինը նա է փոսում հայտնվում, ով այն փորում է: Եվ նախքան որևէ մեկի վրա ցեխ շպրտելը, ստիպված պիտի լինես ձեռքերդ ցեխոտել:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը