
ՀՀ և ԵԱՏՄ անդամն երկրների միջև հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 7.3 տոկոսով. Էկոնոմիկայի փոխնախարար

Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև հունվար-օգոստոս ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 7.3 տոկոսով։ ԵԱՏՄ-ի երրորդ համաժողովի պանելային քննարկմանն այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
«Եթե ապավինենք մաքսային ծառայությունների տվյալներին, ապա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների միջև աճել է 7,3 տոկոսով։ Նույն աճը նկատվում է նաև նախորդ տարիներին, սակայն մենք տեսնում ենք, որ ենթակառուցվածքը մի փոքր հետ է մնում այդ ամենից։
Դրա համար Հայաստանում մենք ունենք երկու պետական ծրագիր, որոնք օգնում են ստեղծել ենթակառուցվածքային նոր հնարավորություններ։ Առաջին ծրագրով մենք սուբսիդավորում ենք տոկոսադրույքները։ Դա լիզինգային ծրագիր է, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել կամ կառուցել գյուղատնտեսական պահեստներ, սառցարաններ, վերամշակման սարքավորումներ և այլն: Երկրորդ ծրագրով և նույն պայմաններով կարելի է ձեռք բերել տրանսպորտային միջոցներ փոխադրումների համար»,-ընդգծեց Արման Խոջոյանը։
Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանը նաև մեծ ներդրումներ է կատարում ճանապարհների հիմնանորոգման համար։
«2024 թվականին 150 միլիոն դոլար է հատկացվել ճանապարհների հիմնանորոգման և 15 միլիոն՝ տեխնիկական վերանորոգման համար։ Ներկայումս Հայաստանի մարզերում ճանապարհները կամ արդեն գտնվում են լավ վիճակում, կամ վերանորոգման գործընթացում են»,-եզրափակեց Խոջոյանը։