«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ում 16-ամյա երիտասարդը դանակահարել է համակուրսեցուն
Սեպտեմբերի 27-ին հերթական քրեորեն պատժելի դեպքն է տեղի ունեցել Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում»։
Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ ոստիկանները արդեն քոլեջում պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից»։