Բաժիններ՝

Այս անգամ հավաքականում նույնպես երիտասարդ շախմատիստները լավ խաղացին. Արման Փաշիկյան

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արման Փաշիկյանի կարծիքով` Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային Օլիմպիադայում ազգային թիմը լավ է հանդես եկել:

«Օլիմպիադայի այս տարվա մրցաշարում ուժեղ մրցակցություն էր: Հայաստանի հավաքականը գործակցով 17-րդն էր, բայց, եթե համեմատենք 2022 թվականի Օլիմպիադայի հետ, ապա ընտրանու միջին գործակիցն ավելի ցածր էր: Այս տարի տարբեր հավաքականների կազմերը համալրվել էին ռուս շախմատիստներով, քանի որ Ռուսաստանի հավաքականը չի մասնակցում Օլիմպիադային»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Ըստ Փաշիկյանի՝ ցանկալի կլիներ, որ ամեն դեպքում մեդալային պայքարում Հայաստանի հավաքականը ևս լիներ, սակայն սպորտում հիմնական գործոններից զատ մեծ դեր է խաղում սպորտային բախտը:

«Մեզ համար շախմատի համաշխարհային Օլիմպիադայի այս արդյունքը գնաhատում եմ լավ: Մենք կիսեցինք 2-6-րդ տեղը և միայն լրացուցիչ միավորներով էինք 6-րդը»,-առանձնացրեց մասնագետը:

Անդրադառնալով Օլիմպիադայի հաղթող Հնդկաստանի հավաքականին` Փաշիկյանն ընդգծեց, որ թեպետ Հնդկաստանի հավաքականը համալրված էր երիտասարդ շախմատիստներով, սակայն ուժեղ խաղ էր ցուցադրում և մյուս թիմերին ոչ մի հնարավորություն չտալով` արժանիորեն գրավեց առաջին տեղը:

«Սպորտում լինում է ամեն ինչ, մեր պարտիաներում եղել են մրցախաղեր, որտեղ կարող էինք անել ավելին և եղել են պահեր, որտեղ արել ենք առավելագույնը: Բոլոր այն մրցախաղերում, որտեղ միավոր ենք կորցրել, հեշտ պարտություն չենք կրել: Այս անգամ հավաքականում նույնպես երիտասարդները լավ խաղացին»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս