ՌԴ-ին խաղաղություն պարտադրելու մասին Զելենսկու դիրքորոշումը ճակատագրական սխալ է. Պեսկով
Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը ճակատագրական սխալ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Զելենսկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել էր, որ չի պատրաստվում խաղաղության բանակցություններ վարել Ռուսաստանի հետ և պատրաստ է շարունակել պայքարը։
Նա իր դիրքորոշումը բացատրել էր նրանով, որ Ռուսաստանին կարելի է միայն պարտադրել խաղաղության:
Զելենսկին նաև կոչ է արել նախապատրաստել խաղաղության երկրորդ գագաթնաժողովը Ուկրաինայում՝ վերջ դնելու Ռուսաստանի հետ հակամարտությանը, սակայն չի հստակեցրել, թե ինչ է քննարկվելու այդ գագաթնաժողովում։
«Իմ տեսանկյունից` նման դիրքորոշումը ճակատագրական, համակարգային սխալ է։ Սա ամենախոր մոլորությունն է, որն, իհարկե, անխուսափելիորեն հետևանքներ կունենա Կիևի ռեժիմի համար»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Զելենսկին ավելի վաղ իր Telegram-ալիքում գրել էր, որ Ուկրաինայի այսպես կոչված «հաղթական պլանը» լիովին պատրաստ է։ Օգոստոսին նա պնդում էր, որ ծրագիրը ներառում է նաև «հզոր փաթեթ, որը ստիպելու է Ռուսաստանին դիվանագիտական ճանապարհով ավարտել պատերազմը»: Սեպտեմբերի 26-ին Զելենսկին մտադիր է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ներկայացնել իր այսպես կոչված «հաղթական ծրագիրը»։ Կրեմլը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է հատուկ ռազմական գործողությունը և հասնելու է իր բոլոր նպատակներին։