Թուրքիայի Պաշտպանության նախարարը մասնակցում է Ադրբեջանի ռազմարդյունաբերական միջազգային տոնավաճառին
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Ադրբեջանում։ Գյուլերը Բաքվում մասնակցում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության միջազգային տոնավաճառին (ADEX 2024)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գյուլերի հետ Բաքու են մեկնել նաև Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրաքը, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջյումենթ Թաթլըօղլուն, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուն և օդուժի հրամանատար, գեներալ Զիյա Ջեմալ Քադըօղլուն։
Տոնավաճառում ցուցադրված է 38 երկրի 270 ընկերության արտադրանք, որտեղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տեխնոլոգիական արտադրանքն ապահովում է ամենամեծ ներկայացվածությունը՝ ցուցադրված է թուրքական շուրջ 50 ընկերություն։ Տոնավաճառում Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությանն ուղեկցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պաշտպանության նախարար, գեներալ Զաքիր Հասանովը և Սոմալիի պաշտպանության նախարար Մուհամմեդ Նուրին։