
Թուրքիայում չեն հանդուրժում այլ լեզվով պաստառները

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական Թուրքիա կուսակցության» (MTP) հիմնադիր նախագահ Ահմեդ Յըլմազը X-ում կատարած գրառմամբ անդրադարձել է խանութներում պաստառների թուրքերենին զուգահեռ արաբերեն գրառումներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա, հրապարակելով «ԼС Waikiki» թուրքական հագուստի բրենդային խանութի երեխաների համար նախատեսված բաժնում տեղադրված արաբերեն պաստառի լուսանկարը, գրել է.
«Եթե ցանկանում եք սիրիացների, աֆղանցիների և այլոց համար արաբերեն պաստառներ տեղադրել՝ ձեր խանութները կարող եք բացել արաբական երկրներում: Հիմարության գագաթնակետ»:
Գրառումն ուղեկցվել է #LCWBoykot հեշթեգով:
Նշենք, որ թուրքերի ազգայնամոլական և կայսերական գերակայության սինդրոմը առաջին անգամ չէ, որ այսպիսի դրսևորում է ունենում:
Մարտյան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից հետո էլ Թուրքիայի մի շարք շրջաններում ժողովուրդների հավասարությունը քարոզող կազմակերպությունները և քուրդ բնակիչները, պահանջելով հավասարություն, սկսել էին ճանապարհային ուղենշանները թարգմանել քրդերեն և գրել թուրքերենին զուգահեռ, որը սակայն պարբերաբար լարվածության առիթ էր դառնում և այդպիսին մնում է մինչ օրս:
Քրդերեն գրառումները մի քանի օր կարող էին մնալ, ապա ջնջվել համապատասխան մարմինների կողմից, սակայն գրառում կատարողները շտապում էին դրանք կրկին թարմացնել: