Թուրքիա-ԱՄՆ առևտրաշրջանառությունը կարող է հասնել 100 մլրդ դոլարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող Թուրքիայի ներկայացուցչությունում՝ «Türkevi»-ում (թուրքական տուն) ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ կազմակերպված կլոր սեղանի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրդողանը իր գոհունակությունն է հայտնել թուրք-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցած վերջին դրական զարգացումների կապակցությամբ:

Թուրքիայի առաջնորդը, անդրադառնալով երկու երկրների առևտրաշրջառությանը, հայտնել է, որ 2023-ին այն կազմել էր 30 մլրդ դոլար, իսկ այս տարի նա ակնկալում է, որ այն կարող է հասնել 100 մլրդ դոլարի:

Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին սպասվող ընտրությունների արդյունքներից, Թուրքիան շարունակելու է Ամերիկայի հետ բարձր մակարդակի երկխոսությունը:

Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա մարտին երկու երկրների միջև կայացած ռազմավարական մեխանիզմի վերջին հանդիպման ընթացքում ահաբեկչության դեմ պայքարին, ռազմարդյունաբերությանը, էներգետիկային և շրջակա միջավայրին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով բանակցությունների նոր մեխանզիմներ են ստեղծվել:

Հիշեցնենք, որ Էրդողանը իր տիկնոջ՝ Էմինեի հետ ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաք էր մեկնել սեպտեմբերի 21-ին՝ մասնակցելու Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին:

Այցի շրջանակներում Էրդողանը հանդիպում էր ունեցել նաև մի շարք երկրների պաշտոնակիցների հետ:

Տեսանյութեր

Լրահոս