Ափսոս էն ճանապարհը, որ քեզ հետ եմ անցել. Քննչական կոմիտեում աղմկահարույց պաշտոնանկություններ կլինեն
Երկրի` բոլոր ոլորտներում ցնցումները չեն կարող շրջանցել պետական համակարգը, որը հազիվ է դիմանում համատարած խայտառակ անգործությանն ու ոչ պրոֆեսիոնալիզմին և չի տրաքում միայն այն պատճառով կամ շնորհիվ նրա, որ ժամանակին փաստորեն պետական կուռ ապարատ է ստեղծված եղել։ Այլապես դժվար է տրամաբանական պատասխան տալ 2018 թ. արհավիրքից հետո խռխռացող, բայց դեռևս դիմացող պետական ապարատի գոյության մասին հարցին։
Աշխատանքին ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը, մի անձի ծառայելու անհագ մոլուցքը, ներքին գզվռտոցները կարող են քանդել ցանկացած համակարգ, այդ թվում նաև այսօր գերուժեղ թվացող Քննչական կոմիտեն։
Այսպես` մթնոլորտը շիկացած է նաև Քննչական կոմիտեում։ 168.am–ի տեղեկություններով` օրերս աշխատանքից կազատվի ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի վարչության պետ Ազատ Գևորգյանը։ Սակայն միայնակ չի հեռանա։ Իր հետ միասին աշխատանքից կազատվի նաև նրա տեղակալ Էդվարդ Կարապետյանը։
Պատճառը, ըստ մեզ հասած տեղեկությունների, նրանց, իսկ ավելի ստույգ` Ազատ Գևորգյանի ու ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի միջև սրված հարաբերություններն են։ Թե ինչու են լարվել 2 վաղեմի մտերմագույն ընկերների հարաբերությունները, կփորձենք պարզել առաջիկայում, սակայն Քննչական կոմիտեում համառ խոսակցություններ են պտտվում, որ ընկերների մեջ խորը անվստահության մթնոլորտ կա, և Ազատ Գևորգյանն իրեն ճիշտ չի պահել։ Եվ սա այն պարագայում, երբ նրանք այնքան մտերիմ էին, որ Քյարամյանն անձամբ էր գնում քաղաքի վարչություն` ընկերոջ ծննդյան օրը շնորհավորելու։
Ըստ մեզ հասած տեղեկությունների` օրերս անգամ նեղ կազմով խորհրդակցություն է եղել, որի ժամանակ Արգիշտի Քյարամյանը, դիմելով Ազատ Գևորգյանին, ասել է` ափսոս էն ճանապարհը, որ միասին ենք անցել։
Քննչական կոմիտեում շոկային վիճակում են։ Դժվար են հավատում, որ Ազատ Գևորգյանի դիրքերը կարող են սասանվել, սակայն ՔԿ մեր աղբյուրները պնդում են` Ազատ Գևորգյանի օրերը հաշվված են. կա’մ պաշտոնի իջեցում կունենա ու կտեղափոխվի այլ աշխատանքի, կա’մ առհասարակ կլքի համակարգը։