ՀՀ շախմատի ֆեդերացիան կոչ է արել FIDE-ին՝ թույլ տալ ռուսներին մասնակցել մրցաշարերին
Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) չպետք է կախված լինի Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) դիրքորոշումից՝ ռուս և բելառուս շախմատիստներին մրցաշարերին մասնակցելու հարցում։ Այս մասին Բուդապեշտում ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերի 21-22-ը Բուդապեշտում ընթանում է ՖԻԴԵ-ի Գլխավոր ասամբլեան, որին կքննարկվի կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերին ռուսների և բելառուսների լիարժեք ընդունելության հարցը։
«Աշխարհում միշտ էլ եղել են պատերազմներ, և Ռուսաստանն ու Ուկրաինան միակ հակամարտողները չեն։ Ես չեմ ուզում նշել երկրները, բայց նրանք չեն պատժվում պատերազմներին մասնակցելու համար։ Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ին ուղղված առաջարկություններին, ես չգիտեի, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն մեր ղեկավարությունն է, ինչո՞ւ պետք է լսենք նրան: Քաղաքականությունը շախմատ չէ, շախմատը ուրախություն է, երջանկություն»,–ասել է Լպուտյանը:
Նշենք, որ Հատուկ ռազմական գործողությունից հետո ՖԻԴԵ-ն արգելեց ռուսաստանցիներին մասնակցել թիմային մրցումներին։ Շախմատիստները բաց թողեցին 2022 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Նույն տարվա մարտին ՖԻԴԵ-ը Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլատրեց անհատական մրցաշարերում հանդես գալ միայն չեզոք կարգավիճակով։ Այս որոշումը մի քանի անգամ երկարաձգվեց: