Բաժիններ՝

Վարդանը հայտնի բասկետբոլիստ դառնալ չհասցրեց, բայց ոգեշնչում է բասկետբոլային հաղթանակների

Հուշամրցաշարի բացումը սեպտեմբերի 21-ին է՝ Անկախության օրվա առիթով, իսկ սեպտեմբերի 26-ին արդեն մրցաշարի ամփոփումն ու մրցանակների հանձնումն է`որպես Վարդանի ծննդյան օրվա նվեր։ Այս մասին գրում է Սպուտնիկ Արմենիան։

Պետրոսյանների տան տարբեր անկյուններում Վարդանի, նրա անցած ճանապարհի, երազանքների ու նպատակների մասին հիշեցումներ են։ Հայրը ցույց է տալիս բակի պատին ամրացված բասկետբոլի զամբյուղը։ Ասում է՝ Վարդանին խոստացել էր ճիշտ չափերով «շիթ», խոստումն անգամ որդու զոհվելուց հետո կատարեց։ Տան առաստաղին էլ Վարդանի ձեռքի ափի հետքերն են։ Ասում են՝ տան շեմից բասկետբոլային թռիչք էր անում, հարվածում առաստաղին, հետո միայն առաջ գնում։

44-օրյա պատերազմը սկսվելուց մեկ օր առաջ 20 տարեկան դարձած տղայի ուշք ու միտքը բասկետբոլն էր։

«Սլավոնական ընդունվեց՝ կիրառական մաթեմատիկայի բաժին, փորձեց սովորել, բայց իրենը չէր։ Սիրում էր կարդալ, զարգացած էր, բայց բոլորը չէ, որ պետք է գիտնական դառնան․ իրենը սպորտն էր՝ բասկետբոլը»,- ասում է հայրը՝ Արմեն Պետրոսյանը։

Վարդանն ընդգրկվել էր երիտասարդական հավաքականում, բայց խաղալ չհասցրեց, զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Թալիշում։ Վերջին անգամ ծնողների հետ խոսել է 2020–ի հոկտեմբերի 13-ին։

«Ասաց՝ մեզ տանում են մի տեղ, որտեղ կապ չենք ունենալու։ Հենց ունենամ, կզանգեմ»,- հիշում է հայրը։

Հոկտեմբերի 14–ի լույս 15-ի գիշերը Վարդանը վիրավորում է ստանում պարանոցի շրջանում և ձեռքից, բայց հոսպիտալ չի գնում։ Որդու կյանքի վերջին օրերի մասին պատառիկներ հավաքող հայրն իմացել է, որ Վարդանն ու 7 ընկերները զոհվելուց ժամեր առաջ դիրք են վերցրել։

«Տղաներից երկուսը վիրավորվում են, 6 հոգով դիրք չես պահի։ Կապ են տալիս սպային, ասում են՝ եկեք, պահենք բարձունքը։ Սպան հրաժարվում է, ասում է՝ հրաման չկա»,- պատմում է Վարդանի հայրը։

Տղաները որոշում են նահանջել․ նահանջի ճանապարհին խրամատ են մտնում, որտեղ էլ բոլորով զոհվում են ԱԹՍ-ի հարվածից։ Ե՞րբ է դա լինում․ ստույգ օրը չգիտեն․ Վարդանի մարմինը հոկտեմբերի 20-ին է հայտնաբերվել։

2021թ․-ին հիմնադրվեց Վարդան Պետրոսյանի անվան բասկետբոլի մանկապատանեկան հուշամրցաշարը։ Հայրն ասում է՝ որոշեցել են հենց երեխաների շրջանում մրցաշարն անցկացնել, որ փոքր տարիքից բասկետբոլի հանդեպ սերն ու հետաքրքրությունը սերմանեն։ Արդեն 3-րդ տարին է՝ հուշամրցաշարը միջազգային կարգավիճակ ունի․ մասնակից թիմեր կան նաև Վրաստանից և Իրանից։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս