Իրանը փորձել է «թակարդը գցել» Թրամփին և Բայդենին հաքերային հարձակման միջոցով․ Ամերիկյան հատուկ ծառայություններ

Իրանը դիմել է ոչ ստանդարտ հաքերային գործողությունների, այդ թվում՝ կիբեռգրոհներ է ձեռնարկել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմի դեմ՝ ձգտելով ներազդել ամերիկյան քաղաքականության վրա՝ այս նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Այս մասին տեղեկացրած ԱՄՆ հատուկ ծառայությունների պաշտոնյաների խոսքով Թեհրանը նաև փորձել է «թակարդի մեջ գցել» Թրամփի և Բայդենի նախընտրական թիմերը։

ԱՄՆ հատուկ ծառայությունների պաշտոնյաների՝ չորեքշաբթի հրապարակած տեղեկության համաձայն՝ կիբեռհարձակման հետևում կանգանած իրանցիները ոչ միայն փորձել են Թրամփի նախընտրական թիմից գողացած փաստաթղթերը տրամադրել լրատվամիջոցներին, այլև նպատակ են ունեցել դրանք փոխանցել Բայդենի նախընտրական շտաբին՝ հուսալով, որ Բայդենի թիմը կօգտագործի դրանք:

«Իրանցիները հունիսի վերջին և հուլիսի սկզբին նամակներ են ուղարկել այն անձանց, ովքեր այդ ժամանակ կապված էին նախագահ Բայդենի նախընտրական թիմի հետ, և [այդ նամակները] պարունակում էին տեղեկություններ, որոնք գողացված էին [ԱՄՆ] նախկին նախագահ Թրամփի նախընտրական թիմից»,- ասված է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի, Ազգային հետախուզական ծառայության տնօրենի գրասենյակի ու Կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության համատեղ հայտարարությոնում։

«Տեղեկություններ չկան, որոնք վկայում են, թե իրանցիները պատասխան են ստացել»,- շարունակում են ամերիկացի իրավապահները՝ ընդգծելով, որ իրանցի հաքերները գողացված տեղեկությունները փոխանցել են նաև ամերիկյան լրատվամիջոցներին:

«Հետաքննությունների դաշնային բյուրոն հետևել է այդ գործողությանը, կապի մեջ է եղել տուժած կողմից հետ և կշարունակի հետաքննել ու տեղեկություններ հավաքել՝ հետապնդելու չարագործներին»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչը հանդես էր եկել հայտարարությամբ, որ Թեհրանը «ավելի մեծ ջանքեր է գործադրում, քան անցյալում էր՝ ազդելու [ամերիկյան] ընտրությունների վրա»:

Ամերիկյան կողմի ներկայացմամբ՝ նման գործողությունների նպատակն է տարաձայնություններ հրահրել ամերիկյան հասարակությունում, խարխլել ընտրողների վստահությունը պետական ու քաղաքական ինստիտուտների նկատմամբ։

Հայտնի է, որ ԱՄՆ-ում Իրանը չունի դեսպանատուն, և ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը դեռ չի պատասխանել «Ամերիկայի ձայնի» առաջարկին՝ արձագանքել։ Նախկինում Թեհրանը հերքել է իր հասցեին հնչած մեղադրանքները։

«Սա ևս մեկ ապացույց է, որ իրանցիներն ակտիվորեն միջամտում են ընտրություններին, որպեսզի օգնեն Քամալա Հարիսին և Ջո Բայդենին, քանի որ նրանք գիտեն, որ նախագահ Թրամփը կվերականգնի կոշտ պատժամիջոցները և կկանգնի իրենց կողմից իրականացվող ահաբեկչության դեմ»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցել է Թրամփի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը:

Հարիսի նախընտրական թիմը էլեկտրոնային նամակով պատասխանել է «Ամերիկայի ձայնին», որ համագործակցել է իրավապահ մարմինների հետ, երբ տեղեկացել են Իրանի գործողությունների մասին:

«Տեղյակ չենք որևէ նյութի մասին, որն [իրանցիները] ուղղակել են [մեր] նախընտրական թիմին։ [Մեր թիմի] մի քանի ներկայացուցիչներ թիրախավորվել են՝ իրենց անձնական էլ.-փոստերի միջոցով, ինչը նման էր սփամի կամ ֆիշինգի փորձի։ Խստորեն դատապարտում ենք օտարերկրյա դերակատարների կողմից ԱՄՆ ընտրություններին միջամտելու ցանկացած ջանք, ներառյալ՝ այս անցանկալի և անընդունելի չարամիտ գործողությունները»,- ասել է Քամալա Հարիսի նախընրական շտաբի խոսնակ Մորգան Ֆինքելշտեյնը:

Հիշեցնենք՝ Դոնալդ Թրամփի նախընտրական թիմն առաջին անգամ հայտարարեց ենթադրյալ հաքերային հարձակման մասին անցած ամիս՝ մեղադրելով «ԱՄՆ հանդեպ թշնամաբար տրամադրված օտարերկրյա ուժերին»։ Մոտ մեկ շաբաթ անց Միացյալ Նահանգների հատուկ ծառայութունները մատնացույց արեցին Իրանին:

Այս ամսվա սկզբին հրապարակված ԱՄՆ իրավապահ մարմինների գնահատականի համաձայն՝ «Իրանն իր տրամադրության ներքո ունի [կիբեռգրոհներ իրականացնելու] գործիքների փաթեթ»:

«Բացի [թվային հարթակները] «կոտրելու» և տեղեկատվության արտահոսք կազմակերպելու փորձերից, սոցցանցերում Իրանը գաղտնի գործողություններ է իրականացնում՝ օգտագործելով կեղծ օգտահաշիվներ ու արհեստական բանականություն, որպեսզի տարածի ապատեղեկատվություն»,- ասված էր գնահատականում:

Տեղյակ ենք, որ մասնավոր տեխնոլոգիական ընկերությունները նույնպես զգուշացրել են Իրանի գործողությունների մասին:

Թրամփի նախընտրական թիմին վերաբերող և ընդամենը օրեր առաջ հրապարակված զեկույցում Microsoft-ը նշում է, որ Թեհրանի հետ կապված կիբեռչարագործներն օգտագործում են առցանց տարածքը՝ ազդեցություն տարածելու և կիբեռհարձակումների համար:

Microsoft-ի նախագահ Բրեդ Սմիթը չորեքշաբթի հավելել էր, որ իրանական կողմը նախապատրաստական աշխատանքները սկսել էր ավելի վաղ:

«Տեսել ենք, որ սկսած մայիսից ցանցային օգտահաշիվներ ներթափանցելու իրանական գործողությունները աստիճանաբար ավելի հմուտ էին դառնում։ Նման քայլերը թվային հարթակները «կոտրելու» և տեղեկության արտահոսք կազմակերպելու դասական նախերգանքն են: Եթե կարող եք գողանալ էլ․փոստը հունիսին, կարող եք օգտագործել այն հոկտեմբերին և նույնիսկ կարող եք փոխել էլ.փոստի գաղտանաբառը»,- ասել է Սմիթը Վաշինգտոնում կայացած կիբեռանվտանգության գագաթնաժողովում։

Տեսանյութեր

Լրահոս