Հայկական կողմը պարզաբանում է ակնկալում Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից. FT

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին քննադատությունների է արժանացել՝ մեղադրվելով դիվանագիտական սխալի համար: Նա իր բլոգում պնդել է, թե Ադրբեջանը «ազատագրել է» Լեռնային Ղարաբաղը, գրում է Financial Times-ը։

Ըստ «Ազատության»՝ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես լրացուցիչ պարզաբանումներ է խնդրել Մեծ Բրիտանիայից Լամիի հրապարակումից հետո, FT-ին ասել է հայ պաշտոնյան:

Այս հայտարարությունը Լամին արել է երկուշաբթի օրը Substack-ի նոր բլոգում, որտեղ նա նախատեսում է ավելի երկար հոդվածներ գրել համաշխարհային գործերի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ:

«Ադրբեջանը կարողացել է ազատագրել 1990-ականների սկզբին կորցրած տարածքները»,- ասվում է գրառման մեջ։

Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման պետքարտուղարի այս միտքը չի հանվել կամ փոփոխվել՝ չնայած քննադատության ալիքին։ FT-ն նկատում է, որ հայկական կողմը Բաքվին մեղադրում է էթնիկ զտման մեջ, ինչը Մեծ Բրիտանիայի պաշտոնյայի գրառման մեջ չի արտացոլվում։

Տարբեր դիվանագետներ քննադատել են այս հայտարարությունը։

Արտաքին գործերի նախարարությունն, իր հերթին, պարզաբանել է, որ Լամիի մեկնաբանությունը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի հարցում Միացյալ Թագավորության կառավարության դիրքորոշման փոփոխություն։

Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության խոսնակն ասել է, որ արտգործնախարարն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս