6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր
Մթնոլորտային օդի պահպանության, փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օգոստոսի 22-ից սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 15 դեպք։
Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, բեռնատար մեքենաների վարորդները շինաղբի, ավազի, խճի և այլ սորուն նյութերի տեղափոխումն իրականացրել են առանց անթափանց ծածկոցի՝ խախտելով մթնոլորտային օդի պահպանության կանոնները։
Իրավախախտ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով։
Խստացված ստուգայցերը կրում են շարունակական բնույթ։
Հիշեցում՝ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150.000 ՀՀ դրամի չափով։
Կրկնակի խախտումների դեպքում’ ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 ՀՀ դր, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300.000 ՀՀ դրամ։