Ուզում են հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից, բայց ոչ առանց Սահմանադրությունը փոխելու, ինչպես հրահանգել է Փաշինյանը

Այսօր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել:

Խորհուրդը շարունակել է քննարկել Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու» հարցը:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել:

«Սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու, որը հակասում է արձանագրված տրամաբանությանը»,- ասել է Գրիգոր Մինասյանը:

Արդարադատության նախարարն ընդգծել է, որ ցանկություն կա կայուն քաղաքական մեծամասնության կարգավորումից հրաժարվելու, սակայն այն պետք է անել ամբողջ Սահմանադրությունը ախտորոշելուց հետո:

 Խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջը վերացնելու առաջարկին:

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ մերժել է Դանիել Իոաննիսյանի կողմից ներկայացված հայեցակարգային առաջարկության եղանակով փոփոխության իրականացման առաջարկը:

Խորհրդի մեծամասնությունը դեմ է քվեարկել նաև «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու» հարցի առանձնացմանը 2026թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ և ԱԺ միջոցով համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկին:

Տեսանյութեր

Լրահոս