ԱՄՆ-ը կշարունակի աջակցել վրաց ժողովրդին՝ Վրաստանը դարձնելու ավելի ուժեղ, տնտեսապես զարգացած երկիր, որը կդառնա Եվրամիության անդամ․ Վրաստանում ԱՄՆ դեսպան
Վրաց ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ հայտարարել է, որ իրենց ապագան Եվրոպայի և Արևմուտքի հետ է: Գործողություններն ու հայտարարությունները, որոնք մեկուսացնում են Վրաստանը, չեն ծառայում այս նպատակին։
Այս մասին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը։
Դանիգանի խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել և օգնել վրաց ժողովրդին՝ Վրաստանը դարձնելու ավելի ուժեղ, տնտեսապես զարգացած երկիր, որը կդառնա Եվրամիության անդամ։
«Վրացական կառավարության վերջին հակաժողովրդավարական գործողությունները, ԱՄՆ-ի և Արևմուտքի մասին ապատեղեկատվությունը, վարչապետի երեկվա հայտարարությունները չեն օգնում ոչ Վրաստանին, ոչ էլ վրաց ժողովրդին։
Գործողություններն ու հայտարարությունները, որոնք մեծացնում են Վրաստանի մեկուսացումը Արևմուտքից, Եվրոպայից և ԱՄՆ-ից, չեն բխում վրաց ժողովրդի շահերից։
Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ աշխարհում չկա վրաց ժողովրդի եվրաատլանտյան ինտեգրման ավելի ուժեղ ջատագով, քան ԱՄՆ-ն է։
ԱՄՆ-ից Վրաստանը մեկուսացնելուն ուղղված հայտարարությունները ոչ մեկին ոչ մի օգուտ չեն տալիս»,- ասել է Ռոբին Դանիգանը:
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էրլ, որ ԱՄՆ-ի կողմից սահմանափակումները միջամտություն են երկրի խորհրդարանական ընտրություններին։