Թրյուդոյին անվստահություն հայտնելու քվեարկությունը կարող է հայտարարվել հաջորդ շաբաթ. ԶԼՄ
Կանադայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունը կարող է անվստահության քվեարկություն հայտարարել վարչապետ Ջասթին Թրյուդոյի լիբերալ կառավարությանը հաջորդ շաբաթ։ Այս մասին տեղեկացրել է CTV հեռուստաալիքը։ Պահպանողականները կարող են այդ հարցը քվեարկության դնել խորհրդարանում սեպտեմբերի 24-ից ոչ շուտ։
Պահպանողականների առաջնորդ Պիեռ Պուալեւրը հայտնել էր, որ Թրյուդոյին անվստահության քվեարկություն կհայտարարի առաջին հնարավորության դեպքում։ Կանադայի խորհրդարանի ստորին պալատը (Համայնքների պալատ) աշնանային նստաշրջանն սկսել է սեպտեմբերի 16-ին։ Թրյուդոյի համար բացասական ելքի դեպքում երկրում կարող են հայտարարվել արտահերթ ընտրություններ։
Սեպտեմբերի 4-ին նոր դեմոկրատների առաջնորդ Ջագմիթ Սինգհը հայտարարել էր, որ «լիբերալները չեն արդարացրել ժողովրդի սպասելիքները», ուստի նրանք այլեւս արժանի չեն իր կուսակցության աջակցությանը։ Օգոստոսի վերջին Պուալեւրը Սինգհին կոչ էր արել հրաժարվել լիբերալ վարչապետ Թրյուդոյին աջակցելուց։ Պահպանողականների ղեկավարը հավաստիացրել էր, որ ներկա վարչապետի կառավարությունում շարունակվում է գների եւ կյանքի արժեքի աճը, իսկ իշխանությունների բոլոր խոստումները՝ լուծել այդ խնդիրները, այդպես էլ խոստումներ են մնացել։
2021թ. վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Կանադայի Լիբերալ կուսակցությունը, որը գլխավորում է Թրյուդոն, չկարողացավ մեծամասնություն ստանալ ազգային օրենսդիր մարմնում։ Իրենց քաղաքականությունն իրականացնելու համար 2022թ. մարտին լիբերալները գործարք կնքեցին Նոր դեմոկրատական կուսակցության հետ, որը պարտավորվեց մի քանի նախաձեռնությունների աջակցության դիմաց աջակցել Թրյուդոյի կուսակցությանը բոլոր քվեարկություններում, որոնք կվերաբերեին վստահության քվեին։ Այսպիսով, Թրյուդոն կարողացավ չեզոքացնել իրեն հեռացնելու պահպանողականների բազմաթիվ փորձերը եւ շարունակել իրականացնել իր օրակարգը։ Հաջորդ խորհրդարանական ընտրությունները Կանադայում նախատեսված են 2025թ. հոկտեմբերին։