«Հեզբոլլահ»-ին վաճառված Gold Apollo ապրանքանիշի փեյջերներն արտադրվել են Հունգարիայում
Թայվանյան Gold Apollo-ն հայտարարել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման անդամներին պատկանող իր ապրանքանիշով փեյջերները, որոնք պայթեցվել են սեպտեմբերի 17-ին, պատրաստվել և վաճառվել են ընկերության հունգարական գործընկեր BAC ընկերության կողմից, որն ունի համապատասխան լիցենզիա:
«Ըստ համագործակցության համաձայնագրի՝ մենք BAC-ին թույլ ենք տալիս մեր ապրանքանիշն օգտագործել առանձին տարածաշրջաններում արտադրանքը վաճառելու համար, սակայն դրա մշակման և արտադրության համար պատասխանատվությունն ընկած է բացառապես BAC-ի վրա»,- ֆրանսիական Le Figaro-ն մեջբերել է Gold Apollo-ի հայտարարությունը:
Դրանով իսկ, նշում է հրատարակությունը, թայվանյան ընկերությունը հերքել է New York Times-ի տեղեկությունը, որի համաձայն Gold Apollo-ն արտադրել և «Հեզբոլլահ»-ին է վաճառել AR924 մոդելի փեյջերներ։
Ընկերությունը նաև պարզաբանել է, որ «միայն ապրանքանիշն օգտագործելու թույլտվություն է տալիս և չի մասնակցում փեյջերների մշակմանն ու արտադրությանը», որոնք չի կարելի համարել իր արտադրանքը։
Սեպտեմբերի 17-ին Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ներմուծած հազարավոր փեյջերներ միաժամանակ պայթել են, որի հետևանքով 9 մարդ է զոհվել, գրեթե 3000 մարդ՝ վիրավորվել։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են 11 զոհի մասին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ պայթյուններն իրականացվել են կիբեռհարձակման միջոցով, որի հետևում կանգնած է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը։