Վերջին չորս տարիներին ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեն 100 անգամ ավելացել է․ ԱԽ քարտուղար
Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչ հաջողություններ է արձանագրել Հայաստանը ռազմարդյունաբերության ոլորտում։
Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում նա նշեց, որ ռազմարդյունաբերության ոլորտին տրվող բյուջեն վերջին չորս տարում ավելացել է 100 անգամ։
«Եթե 2020 թվականի ռազմարդյունաբերության ոլորտին տրվող բյուջեն X գումար է եղել, ապա վերջին չորս տարիներին այդ գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։ Այսպիսով, կարող եք պատկերացնել, թե ինչ ծավալի է հասել ռազմարդյունաբերության պատվերի ծավալը»,- ընդգծեց Գրիգորյանը։
Նա հայտնեց, որ Հայաստանի ռազմավարական նպատակն է, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում ռազմատեխնիկական կարիքները 25-30 տոկոսը բավարարվի ներքին արդյունաբերության շնորհիվ։
«Հուսով ենք, որ այս նպատակին հնարավորինս շուտ կհասնենք։ Իմ նշած թիվը իր հետ բերել է բազմաթիվ խնդիրներ, բայց համոզված եմ, որ մասնավոր սեկտորը և ռազմարդյունաբերության ոլորտը կարողանալու են մարսել այս ծավալը և շարունակել աշխատել՝ սպասարկելու համար Հայաստանի անվտանգության ճարտարապետության կառուցմանը»,- եզրափակեց ԱԽ քարտուղարը։