Շուշին և ադրբեջանական քարոզչությունը Եգիպտոսում․ «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

Պետական քարոզչությամբ Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետության բռնազավթած տարածքների և այնտեղ մնացած հայկական ժառանգության վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածել՝ տարբեր միջոցների կիրառմամբ։ Վերջերս Եգիպտոսի և առհասարակ արաբական աշխարհի ամենահեղինակավոր ԶԼՄ-ներից մեկում՝ «Ալ-Ահրամ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համացանցային հարթակում, լույս է տեսել հոդված, որտեղ Շուշին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք՝ ստանալով «Փոքրիկ Փարիզ», «Արվեստի կովկասյան տաճար», «ադրբեջանական երաժշտական ինստիտուտ» և այլ անվանումներ։

Արաբերեն հոդվածում նշված է, որ այժմ «շուշեցիները» զբաղված են քաղաքի տեսքը վերականգնելով այնպես, ինչպես մինչ պատերազմն էր։ Հոդվածի սկզբում արցախյան հիմնախնդիրը ձևախեղված կերպով ներկայացվում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն, սակայն դա ի սկզբանե Արցախի հայերի ազատ ինքնորոշման համար պայքար էր։

Հոդվածագիրը, խոսելով Շուշիում մուսուլմանների ներկայության մասին, մոռացության է տալիս քաղաքի հիմնական բնակչության՝ հայերի գոյությունը։ Շուշին առաջին հերթին եղել է հայկական, քրիստոնեական մշակութային կենտրոն։

Այդ մասին են վկայում Շուշիի հայկական եկեղեցիները, պատմական գերեզմանոցը, որոնք 2020 թվականի պատերազմի ընթացքում նպատակային թիրախավորվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից, իսկ քաղաքի բռնագրավումից հետո վանդալիզմի են ենթարկվում և ոչնչացվում։ Քաղաքում հայերի ներկայության մասին, հայկական և այլ աղբյուրներից բացի, խոսում են նաև ռուսական աղբյուրները։

Ըստ դրանց՝ 1916 թվականի դրությամբ Շուշիում ապրում էին 23․916 հայ, որը կազմում էր քաղաքի բնակչության կեսից ավելին: 1920 թվականի մարտին Ադրբեջանի իշխանությունները կազմակերպում են Շուշիի հայ բնակչության սոսկալի կոտորած, որի հետևանքով քաղաքն ավերակների է վերածվում․ սպանվում են հազարավոր հայեր։ Հետաքրքիր է, որ հոդվածում ներկայացվում են թյուրքախոս, մուսուլման մի շարք գործիչներ, սակայն տեղեկություն չի ներկայացվում Խոսրով բեկ Սուլթանովի մասին։ Հարկ է նշել, որ այդ անձնավորությունը 1920 թվականին եղել է Ադրբեջանի կողմից նշանակված Ղարաբաղի և Զանգեզուրի ժամանակավոր գեներալ-նահանգապետ և կազմակերպել Շուշիի և Արցախի այլ վայրերի հայության կոտորածները։

Ահա այս «հետաքրքիր» դրվագն ալիևյան ռեժիմն ու հոդվածագիրը, չգիտես ինչու, չեն ցանկանում հիշել։

Բաքուն մի կողմից Շուշին հայտարարում է իսլամական մշակութային մայրաքաղաք, իսկ մյուս կողմից շատ սերտ, բարիդրացիական, դաշնակցային հարաբերությունների մեջ է Գազայի հատվածում մուսուլմանների կոտորած իրականացնող, մզկիթներ ավերող Իսրայելի հետ։  Հոդվածագիրը հիշատակում է նաև Գոհար տիկնոջ մզկիթի մասին, սակայն ոչ մի խոսք 2009 թվականին Արցախի Հանրապետության իշխանությունների նախաձեռնությամբ այն վերականգնելու վերաբերյալ։

Չի նշվում նաև, որ հայ ժողովուրդը ոչ միայն պահպանել է քրիստոնեական ժառանգությունն, այլև պետական հոգածություն է դրսևորել մուսուլմանական ժառանգության նկատմամբ․ վառ ապացույցը հենց Գոհար տիկնոջ մզկիթի վերականգնումն է։ Փաստորեն, հոդվածագիրն իր առջև խնդիր է դրել ներկայացնել միակողմանի և կեղծված տեղեկատվություն, Շուշին զրկել հայկական ինքնությունից, ինչն Ադրբեջանի պետական նպատակային քաղաքականությունն է՝ սկսած Արցախյան 44-օրյա պատերազմից և Շուշիի գրավումից հետո։

Քաղաքի ապահայկականացման քաղաքականությունը ներառում է նաև միջազգային գիտաժողովների, մշակութային միջոցառումների և փառատոների կազմակերպում և նմանատիպ հոդվածների պատվիրում։  «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կոչ է անում լրագրողներին և հետազոտողներին զերծ մնալ միակողմանի, ոչ օբյեկտիվ և ալիևյան ռեժիմի կողմից հրամցվող կեղծ տեղեկատվության տարածումից։

Տեսանյութեր

Լրահոս