
«Ինձ մի՛ չափեք ձեր արշինով, իմ սկզբունքներն ու բարի համբավը շատ ավելի կարևոր արժեքներ են ինձ համար, քան՝ որևէ չափի նյութական միջոց»․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Օրեր առաջ Վարդան Ղուկասյանը իմ վերաբերյալ բացարձակ սուտ տեղեկություն էր հրապարակել՝ պնդելով, թե ինչ-որ խոշոր հողատարածք եմ ձեռք բերել աստղաբաշխական գումարով:
Հայտարարում եմ, որ դա ամբողջապես զրպարտություն ու հերյուրանք է, և ես ո՛չ նման տարածք եմ ձեռք բերել, ո՛չ էլ երբևէ տիրապետել եմ իմ օրինական եկամուտներից բացի այլ գումարների:
Չգիտեմ, թե ինչ աղբյուրներից ու ինչ դրդապատճառներով է այս զրպարտությունը հրապարակվել, սակայն բոլոր իրավապահ մարմիններն ազատ են ստուգելու իմ ու ընտանիքիս գործունեությունն ու եկամուտները՝ օրորոցից առ այսօր:
Ես այն անձանցից եմ, որ իմ աշխատավարձից գոյացած շատ քիչ խնայողությամբ եմ տեղահանվել Արցախից, իսկ հիմա էլ աշխատում եմ, որպեսզի կարողանամ սեփական քրտինքով ու մաքուր խղճով պահել ընտանիքս և մեկ օր հիպոտեկային վարկով տուն գնել՝ ընտանիքիս նվազագույն կարիքները բավարարելու համար: Դեռ դրան զուգահեռ էլ հնարավորինս անում եմ իմ ժողովրդին դույզն ինչ օգտակար լինելու համար՝ չնայած իմ հանդեպ կեղտոտ արշավներին ու ճնշումներին:
Իմ մաքուր խիղճը, կյանքի սկզբունքներն ու բարի համբավը շատ ավելի կարևոր արժեքներ են ինձ համար, քան՝ որևէ տեսակի գայթակղություն և որևէ չափի նյութական միջոց:
Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին…»: