Արսեն Խառատյանին Թբիլիսիի օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել. մանրամասներ
«Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանին սեպտեմբերի 17-ի լուսադեմից, առանց բացատրության, ավելի քան 4 ժամ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում պահելուց հետո հետ են ուղարկել Եվրոպա։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Քիչ առաջ Արսեն Խառատյանի փոխանցած տեղեկության համաձայն, ինքը հիմա Եվրոպայում է։ Նա Վրաստան էր ժամանում Լյուքսեմբուրգից։ Օդանավակայանում գտնվելու ընթացքում նրան թույլ չեն տվել օգտվել հեռախոսային կապից։
«Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիից հետադարձ տոմս ունեի դեպի Երևան, սակայն ինձ ասացին, որ վրացական օրենսդրությամբ` եթե մարդու մուտքը մերժեն, պետք է հետ ուղարկեն մեկնման երկիր»,- նշել է Խառատյանը։
Նա մանրամասնել է, որ ոչ ոք իրեն չի բացատրել, թե ինչու են արգելում նրան մուտք գործել Վրաստան․
«Առայժմ կասկած չունեմ, որ այս մուտքի մերժումը, որը կոչվում է արտաքսում, քաղաքական է, ինչը, ի վերջո, նշանակում է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները կամ վախենում են ինձ նման մարդկանցից, կամ ունեն հովանավորներ Մոսկվայից կամ Բաքվից, որոնք նրանց ասում են` ընտրություններից առաջ «մաքրել տարածքը»:
Խորհրդարանական ընտրություններից վեց շաբաթ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կարծես թե չի մտածում նոր ընկերներ ձեռք բերելու մասին, այլ նման գործողություններով նոր թշնամիներ է ձեռք բերում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Խառատյանը։
Հատկանշական է, որ նման դեպք տեղի էր ունեցել գրեթե մեկ շաբաթ առաջ, երբ առանց նշելու պատճառը` Արսեն Խառատյանին օդանավակայանում Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությունից հայտնել էին, որ արգելվում է նրա մուտքը Վրաստան, բայց 2 ժամ հետո թույլատրել էին։
Խառատյանի խոսքով, մոտ երկու ժամ անց իրեն թույլատրել են մնալ Վրաստանում։
ՆԳՆ սահմանային ոստիկանությունը միայն որոշումն է տվել, որտեղ նշված է. «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»։
Ինչ դեպքերի մասին է խոսքը` Խառատյանին չեն պարզաբանել։
Խառատյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշել էր` չգիտի, թե ինչն է եղել Վրաստան իր մուտքն արգելելու փորձի պատճառը:
Նախկինում, ըստ նրա, երբեք նման իրավիճակ չի եղել: