Հրայր Թովմասյանի գործով նիստը հետաձգվեց. ՍԴ դատավորն առողջական խնդիրնե՞ր ունի
Հրայր Թովմասյանն այսօր պետք է շարունակեր իր պաշտպանական ճառի ընթերցումը, սակայն նիստի ընթացքում ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով նիստը հետաձգվեց։ 168.am-ի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախկին նախագահի ճնշումն է բարձրացել՝ 170/125:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ նա դարձյալ խնդիր է ունեցել` ճնշման կտրուկ տատանում, սակայն չի ցանկացել այդ մասին տեղեկացնել դատարանին։
Հիշեցնենք` ՍԴ նախկին նախագահ, այժմ` դատավոր Հրայր Թովմասյանը մի քանի օր է`գրեթե ամենօրյա ռեժիմով ընթերցում է պաշտպանական ճառը։ Նախօրեի նիստում, թեև ՍԴ դատավորը նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին տեղեկացրել էր ՍԴ-ում այսօր 11։00-ին նշանակված նիստի մասին, սակայն դատավորը պնդել էր նույն օրը՝ վաղ առավոտյան նիստ նշանակելու անհրաժեշտությունը։
Հրայր Թովմասյանին ու պաշտպաններին զարմացրել էր դատավորի հապճեպությունը. նրանք արձանագրել էին` դատավորի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ այս գործը պիտի շատ արագ ավարտվի։