Իվանիշվիլիի սենսացիոն հայտարարությունը. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Իվանիշվիլիի սենսացիոն հայտարարությունը

Վրաստանն իր մեջ ուժ կգտնի ներողություն խնդրելու օսերից 2008 թվականին Սահակաշվիլիի սանձազերծած պատերազմի համար:

Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։

Այս հայտարարությունը շատերը սենսացիոն կհամարեն, մյուսները դա կդիտարկեն բացառապես ներքաղաքական համատեքստում:

Իհարկե, շատ բնական է, որ Իվանիշվիլին ցանկանում է Վրաստանի հասարակության աչքերում դիրքավորվել՝ որպես խաղաղության կողմնակից, բնականաբար՝ պատերազմի հրձիգ ներկայացնելով Սաակաշվիլիին:

Նույն կերպ ԱՄՆ ընտրարշավում վարվում է Թրամփը, ով հայտարարում է, թե Հարիսի ընտրությունը հավասարազոր կլինի Ռուսաստանի հետ պատերազմի մեջ նեքաշվելուն:

Մյուս կողմից, Իվանիշվիլիի հայտարարության ենթատեքստը շատ ավելի խորքային է ու կասկածի տակ է դնում ռուս-վրացական կամ ռուս- ուկրաինական պատերազմներում ամբողջ պատասխանատվությունը միայն Մոսկվայի ուսերին բարդելու արևմտյան նարատիվը:

Ավելին, Իվանիշվիլիի խոսույթի հետևում չի կարելի ու մակերեսային է ռուսական «ականջներ» փնտրելը:

Այս վեճը պոպուլյար է նաև արևմտյան ակադեմիական շրջանակներում, որտեղ փաստարկված կարծիք կա, որ ռուս-վրացական, ռուս- ուկրաինական պատերազմները ՆԱՏՕ-ի էքսպանսիայի հետևանք են:

Իվանիշվիլիի ասած «Սաակաշվիլին» հետսովետական էլիտաների հավաքական կերպարն է, այն էլիտաների, որոնց միակ «առաքելությունը» իրենց երկրները «հակաՌուսաստան» դարձնելն է՝ դրանից բխող ողբերգական հետևանքներով»:

Տեսանյութեր

Լրահոս