Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել
Արեգակի վրա X5.3 դասի հզոր բռնկում է տեղի ունեցել, և Երկրի վրա մագնիսական փոթորիկների հավանականություն կա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
«Արևի վրա նոր, իսկապես հզոր պայթյուն է տեղի ունեցել: Բռնկումը նախապես դասակարգվում է որպես X5.3: Սա նշանակում է, որ այն արեգակնային այս ցիկլի չորրորդ ամենահզոր իրադարձությունն է 2017 թվականից ի վեր, երբ տեղի ունեցան նախորդ արեգակնային ցիկլի վերջին խոշոր բռնկումները», – ասել է Բոգաչովը։
Նրա խոսքով՝ պայթյունը գրանցվել է Արեգակի արևելյան եզրին՝ թիվ 3825 ակտիվ շրջանում, որը հայտնվել է նախօրեին՝ դեպի Երկիր նայող կողմում։
«Տարածքը բավականին փոքր է, և նման ուժի պայթյունն այստեղ բոլորովին անսպասելի էր», – ավելացրել է գիտնականը:
Արեգակնային բռնկումները կարող են առաջացնել մագնիսական փոթորիկներ Երկրի վրա, որոնք, իրենց հերթին, հանգեցնում են էներգետիկ համակարգերի աշխատանքի խափանումների, ինչպես նաև ազդում են թռչունների և կենդանիների միգրացիայի ուղիների վրա: